Անժելա Մանուկյան (Mane Tiles ընկերության գործադիր տնօրեն) - Ամեն անգամ, երբ մենք նոր էլեմենտներ ենք ուսումնասիրում, հերթական անգամ հիացմունք ենք ապրում, թե ինչքան հարուստ մշակույթ ունենք և ինչքան ասելիք ունենք աշխարհին։
Հայկական արվեստի ու արհեստի տարրերով ինքնատիպ ու անկրկնելի կավե ձեռագործ աշխատանքներ: Հին արվեստի ժամանակակից լուծումներով դեկորատիվ և կիրառական սպասքի արտադրությունն ընկերության նոր ուղղություններից է։ Ընկերության ղեկավարն ասում է՝ փորձում են նորովի մատուցել, կրթել ու քարոզել ազգային արժեքները: Դրանք ներկայացնել նաև օտարերկրացիներին։
Անժելա Մանուկյան - Մեր յուրաքանչյուր ապրանքի հետ մենք պատմություն ենք ներկայացնում, մենք ոչ միայն արտադրում ենք և վաճառում ենք, այլև մենք էներգիա ենք փոխանցում և մշակույթ մեր բոլոր հաճախորդներին։
Աղամաններ ու ծաղկամաններ, մոխրամաններ, ափսեներ ու բաժակներ․ օրգանական միջոցների օգտագործման և կրկնակի թրծման շնորհիվ դեկորատիվ սպասքը կիրառելի է դառնում նաև կենցաղում։ Կավը պատրաստում են տեղում, որի հիմնական բաղադրիչը հայկական հողն է։
Անժելա Մանուկյան - Եթե անկեղծ՝ հայկական կավով աշխատելը շատ ավելի դժվար է, քան թե ներմուծված իտալական ու իսպանական կավերով, բայց էլի ազգայինը կարևորելով՝ մենք սկզբունքորեն օգտագործում ենք հայկական կավը։
Հմուտ խեցեգործ Լևոնն ասում է՝ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս արտադրական ամբողջ գործընթացն ավտոմատացնել, սակայն նախընտրում է աշխատել հին, ավանդական մեթոդներով:
Լևոն Աբաջյան (խեցեգործ) - Մենք պահպանում ենք ձեռքի հնագույն աշխատանքը, և սա ավելի է գնահատվում: Մեր արածը իրար նման չէ, յուրահատուկ է, և պետք է ջանք ու եռանդ մեջը դնենք, որպեսզի լավ ստացվի մեր գործը։
Վառ գույներով ու պատկերներով աշխատանքներն ամբողջությամբ հմուտ վարպետների ձեռքի աշխատանքներն են։ Այս տարի ամուսնանալ պատրաստվող էրիկը մեր նկարահանման ընթացքում խճանկար էր պատրաստում։
Գորգային էսքիզներ, թռչնատառեր, զարդանախշեր, հայկական ու համաշխարհային նկարիչների աշխատանքներ. ընկերությունում մանրամասն ուսումնասիրում ու քննարկում են յուրաքանչյուր մասնիկի կիրառությունը։
Անուշ Մարկոսյան (Mane Tiles ընկերության դիզայներ) - էսքիզները ստեղծվում են թիմային, առաջարկված էսքիզը քննարկվում է, երբ որ հաստատվում է էսքիզը, անցնում է արդեն արտադրման փուլ։ Աշխատում ենք գորգային էսքիզները, գույները, դետալները հնարավորինս պահպանել, որովհետև դրանք մեր ազգային արժեքներն են։
Հայկական շուկայում իրացումն իրականացվում է վաճառակետի միջոցով։ Ընկերությունը ներկայացված է նաև միջազգային հեղինակավոր ձեռագործ իրերի և «Բայ Արմենիա» կայքերում։
Անի Գևորգյան (Mane Tiles ընկերության մարքեթինգի և վաճառքի բաժնի ղեկավար) - Արտադրանքը, ոչ միայն հայաստանյան շուկայում, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս բավականին մեծ հետաքրքրություն ունի, այդ իսկ պատճառով մեր ամբողջ թիմի հիմնական նպատակն է՝ նաև «Մանե Թայլզը» հետագայում թիրախավորել որպես միջազգային բրենդ։
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան