Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աջակցելու է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք և հաշմանդամություն ձեռք բերած նախկին զինծառայողներին՝ աշխատանքի տեղավորման գորրծում: Կառավարության նոր որոշման համաձայն՝ աջակցություն է տրվելու գործատուին: Հիմնական պայմանը աշխատանքային պայմանագրի կնքումն է:
Ժորա Սարգսյան (ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Աջակցության չափը, որպես այդպիսին, կազմում է եռամսյակը մեկ 100 հազար դրամ եվ տարվա ընթացքում ստացվում է, որ 4 անգամ կարողանում ենք 100 հազար դրամով աջակցել, այսինքն՝ յուրաքանչյուր աշխատանքի տեղավորված անձի պարագայում գործատուին աջակցում ենք տարվա կտրվածքով 400 հազար դրամի սահմաններում:
Սարգսյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է որգևորել և՛ գործատուին, և՛ նախկին զինծառայողներին աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու գործում: Իսկ աշխատավայրում հաշմանդամություն ունեցող անձի տեղաշարժվելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու դեպքում գործատուին տրվող աջակցության չափն ավելի մեծ կլինի:
Ժորա Սարգսյան - Տվյալ պարագայում միանվագ է տրվում աջակցությունը՝ մինչև 500 հազար դրամի սահմաններում: Այդ չափը պայմանավորված՝ ինչ աշխատանքներ են կատարվելու, կարող է եվ ավել լինել 500 հազար դրամից, բայց պետական աջակցությունը լինելու 500 հազար դրամ: Կարող է դեպք լինել, որ աջակցությունը լինի մինչև 500 հազար դրամ, քանի որ աշխատանքներն այնքա մեծ չեն, որ գերազանցի:
Անդրանիկը պատերազմի օրերին կռվել է ամենաթեժ կետերում: Հոգեբանական որոշ խնդիրներ հաղթահարելուց հետո հիմա անվճար հաճախում է ծրագրավորման դասընթացների:
Անդրանիկ Գրիգորյան (44-օրյա պատերազմի մասնակից) - Իմ օրինակով կարող եմ ասել, որ, միանշանակ, դա շատ մեծ օգնություն կարող է լինել մեր տղաներին ադապտացվելու թե՛ աշխատաշուկայում, թե՛ նոր մասնագիտություն ձեռք բերելու ու հետագայում էլի ու էլի պետությանը օգուտ բերելու համար:
Ծրագրի շահառու դառնալու համար որևէ հատուկ պայման չկա: Այս տարի ծրագրից օգտվելու է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք և հաշմանդամություն ձեռք բերած 50 նախկին զինծառայող:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան