Ադրբեջանը շարունակում է վերացնել հայկական հետքն Արցախի օկուպացված տարածքներում: Վառ օրինակներից Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչը՝ ուդիական, իսկ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ռուսական ներկայացնելու փորձերն են: Ստեփանակերտի մայր տաճարի հոգևոր հովիվն ահազանգում է՝ պետք է վերջ տալ ադրբեջանական դիմակահանդեսին:
Ներսես քահանա Ասրյան (Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի հոգևոր հովիվ) - Ընտրել են մի խումբ ինչ-որ մարդկանց անհասկանալի, որոնց համարում են ուդիներ, հոգևորականի զգեստ են հագցրել. ինչու եմ ասում՝ զգեստը պարզապես հագցրել են, որովհետև այդ մարդիկ որևէ տեղ հոգևոր կոչում չեն ստացել, չեն ձեռնադրվել և քրիստոնեական եկեղեցու ավանդույթների հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեն, և դիմահանդես են կազմակերպում, Դադիվանք են տանում, Ծիծեռնավանք են տանում:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հատուկ զեկուցող Փոլ Գավանի հետ առցանց հանդիպմանը Ներսես քահանա Ասրյանը հիշեցրել է՝ ինչը հնարավոր չէ քանդել, Ադրբեջանը ոչ հայկական է ներկայացնում:
Ներսես քահանա Ասրյան - Հենց ուդի ժողովուրդը պետք է ընդվզի սրա դեմ, որովհետև սա վիրավորական է, իրենց օգտագործում են ինչ-որ աղվանական եկեղեցու անվան տակ:
«Շուշիում ուդիներ չեն ապրել»,- ասում է հուշարձանագետ Սլավա Սարգսյանը և մեջբերում 1897 թվականի համառուսաստանյան առաջին մարդահամարի տվյալները:
Սլավա Սարգսյան (հուշարձանագետ) - Փաստորեն, այդ ժամանակ ապրում էր 14444 հայ, 10262 մահմեդական: Եվ այնտեղ ուդիներ ընդհանրապես չկան մարդահամարի տվյալներում: Սա առաջին մարդահամարի տվյալներն են: Այնինչ քաղաքականությունն այնպես է տարվում կանխամտածված, որ վերացվի նույնիսկ հայկական հետքը, որ կարծես ընդհանրապես հայկական եկեղեցի այնտեղ չի էլ եղել:
Ղարաբաղյան հակամարտության հումանիտար հետևանքների հարցերի զեկուցողը հետաքրքրվել է պատերազմից տուժած և տեղահանված արցախցիների խնդիրներով: Սարյան ընտանիքը Բաքվի հայկական ջարդերից փրկվել ու հաստատվել էր Շուշիում:
Սամվելը 2016-ի քառօրյայում վիրավորվել, իսկ 44-օրյա պատերազմում կորցրել է ոտքը: Պրոթեզավորումից հետո կրկին քայլում է:
Սամվել Սարյան (44-օրյա պատերազմի մասնակից) - Փորձում եմ ինտեգրվել: Հիմնականում խաղերի, մրցույթների ժամանակ փորձում ենք ինտեգրվել հասարակությանը և հաշմանդամությունն ընդունել որպես յուրահատկություն:
Փոլ Գավանի հետ հեռավար քննարկմանը արցախցիները կոչ են արել առաջին հերթին քայլեր ձեռնարկել հայ գերիների անհապաղ վերադարձի ուղղությամբ, ինչի պարտավորությունն Ադրբեջանը ստանձնել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով:
Գավանը ԵԽԽՎ-ում զեկույցով հանդես կգա սեպտեմբերին: