Աֆղանստանում փակվել են կանանց վարսահարդարման սրահները: Դա ընդամենը մեկն է «Թալիբանի» իշխանությունը գրավելուց հետո սահմանված սահմանափակումներից: 1996-2001-ին, երբ թալիբները վերահսկում էին Աֆղանստանը, կանանց չէր թույլատրվում աշխատել: Այժմ «Թալիբանի» նոր ղեկավարությունը խոստանում է նրանց ներգրավել սոցիալական և նույնիսկ քաղաքական կյանքում, իհարկե, նրանց իրավունքներ կտրվեն միայն շարիաթի օրենքների համաձայն:
Սալհա Սաիդ Հաֆիանի - Կար ժամանակ, երբ կանայք այստեղ վայելում էին ազատությունը: Նրանց թույլատրվում էր աշխատել և դուրս գալ: Կիրակի, պատահաբար, մենք իմացանք, որ «Թալիբանը» գրավել է Քաբուլը: Երկուշաբթի արդեն կանայք նստեցին տանը՝ հիշելով անցյալի վատ նախադեպերը: Դրանից հետո փողոցները դատարկվեցին:
Վայիհ Ազիզի - Նախքան «Թալիբանի» գալը մենք ակտիվ դեր ունեինք տարբեր ոլորտներում: Մենք տղամարդկանց հետ հավասարը հավասարի պես աշխատում էինք: Իսկ հիմա կանայք անհանգստացած են իրենց ապագայի համար. ոչինչ հստակ չէ:
Աֆղանստանում կանանց և երեխաների իրավունքների ոտնահարումն արձանագրվել է ՄԱԿ-ի զեկույցներում: Կազմակերպության երկու հարյուր աշխատակից մնացել է Աֆղանստանում՝ նրանց կարիքները հոգալու համար:
Շաբիա Մանթու (ՄԱԿ-ի Փախստականների հարցերի գրասենյակի խոսնակ) - ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը մտահոգ է Աֆղանստանում մարդու իրավունքների ոտնահարումներով: Նրանք, ովքեր վտանգված են, որևէ ելք չունեն: ՄԱԿ-ը կոչ է անում Աֆղանստանի հարևան երկրներին՝ բաց պահել իրենց սահմանները: Այս տարհանումները փրկում են մարդկանց կյանքը, դրանք կենսական նշանակություն ունեն:
Որոշ երկրներ, սակայն, հրաժարվում են հետևել միջազգային հանրության մարդասիրական կոչերին: Թուրքիան, օրինակ, մտադիր չէ աֆղանստանցիների ընդունել, թեև նախագահ Էրդողանն արդեն հաշվել է, որ Թուրքիայում 300000 աֆղանստանցի կա: Քաբուլի անկումից հետո արդեն 12000 մարդ լքել է Աֆղանստանը: Եվրոպայի և Ասիայի 11 երկիր պատրաստ է նրանց ընդունել: Օդանավակայնում շարունակվում է քաոսը, ըստ ԱՄՆ նախագահի՝ սա ամենամեծ տարհանման ավիակամուրջն է պատմության մեջ: Իսկ Թալիբանը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին կձևավորի կառավարություն և խնդրել է աֆղանստանցիներին չլքել երկիրը: