Աֆղանստանում ստեղծված իրավիճակը կքննարկվի ՀԱՊԿ-ում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով՝ օգոստոսի 23-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանս կանցկացնեն:
Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Հիմա ամենաարդիական հարցերից մեկն անվտանգությունն է, հատկապես այն իրադարձությունների հետ կապված, որոնք տեղի են ունենում Աֆղանստանում: Հուսով եմ, որ երկուշաբթի մենք տեսակոնֆերանսի ՀԱՊԿ շրջանակում կհավաքվենք՝ քննարկելու իրավիճակը:
Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին շարունակում է մնալ օտարերկրյա քաղաքացիների անվտանգության խնդիրը: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ներկայացուցիչների պալատի անդամների հետ հեռախոսազրույցում հաստատել է թալիբների կողմից ԱՄՆ քաղաքացիներին բռնության ենթարկելու վերաբերյալ լուրերը, թեև Ջո Բայդենն ավելի վաղ ասել էր, որ Աֆղանստանում ամերիկացիների անվտանգությունն ապահովված է:
Ջոն Քիրբի, Պենտագոնի մամուլի քարտուղար - Մենք ուշադրություն ենք դարձնում այդ հաղորդումներին, դրանք շատ են անհանգստացնում: Տեղեկացրել ենք «Թալիբանին», որ դա անընդունելի է: Մինչև հիմա մենք նրանց հետ կարողացել էինք համաձայնեցնել, որ ամերիկացիներին պետք է թույլ տալ հեռանալ, և դա նրանց շահերից է բխում:
Աֆղանստանում կանանց և երեխաների իրավունքների ոտնահարումն արձանագրվել է ՄԱԿ-ի զեկույցներում: Չնայած վտանգին՝ կազմակերպության երկու հարյուր աշխատակից մնացել է Աֆղանստանում՝ նրանց կարիքները հոգալու համար:
Շաբիա Մանթու, ՄԱԿ-ի Փախստականների հարցերի գրասենյակի խոսնակ - ՄԱԿ-ի փախստականների հարցերի գերագույն հանձնակատարի գրասենյակը մտահոգ է Աֆղանստանում մարդու իրավունքների ոտնահարումներով: Նրանք, ովքեր վտանգված են, որևէ ելք չունեն: ՄԱԿ-ը կոչ է անում Աֆղանստանի հարևան երկրներին բաց պահել իրենց սահմանները: Տարհանումները փրկում են մարդկանց կյանքը, դրանք կենսական նշանակություն ունեն:
Աֆղանստանում փակ են բանկերը, նաև կանանց վարսահարդարման սրահները: 1996-2001-ին, երբ թալիբները վերահսկում էին երկիրը, կանանց չէր թույլատրվում աշխատել: Այժմ «Թալիբանի» նոր ղեկավարությունը խոստանում է նրանց ներգրավել սոցիալական և նույնիսկ քաղաքական կյանքում, իհարկե, նրանց իրավունքներ կտրվեն միայն շարիաթի օրենքների համաձայն:
Վայիհ Ազիզի - Նախքան «Թալիբանի» գալը մենք ակտիվ դեր ունեինք տարբեր ոլորտներում: Մենք տղամարդկանց հետ հավասարը հավասարի պես աշխատում էինք: Իսկ հիմա կանայք անհանգստացած են իրենց ապագայի համար. ոչինչ հստակ չէ:
Որոշ երկրներ, սակայն, հրաժարվում են հետևել միջազգային հանրության մարդասիրական կոչերին: Թուրքիան, օրինակ, չի պատրաստվում աֆղանստանցիների ընդունել, թեև նախագահ Էրդողանն արդեն հաշվել է, թե Թուրքիայում 300.000 աֆղանստանցի կա: Քաբուլի անկումից հետո արդեն 12.000 մարդ լքել է Աֆղանստանը: Եվրոպայի և Ասիայի 11 երկիր պատրաստ է նրանց ընդունել:
Օդանավակայնում շարունակվում է քաոսը, ըստ ԱՄՆ նախագահի՝ սա ամենամեծ տարհանման ավիակամուրջն է պատմության մեջ: «Թալիբանը» հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին կձևավորի կառավարություն՝ նախկին պաշտոնյաների ներգրավմամբ և խնդրել է աֆղանստանցիներին չլքել երկիրը: Ի դեպ, Աֆղանստանի հեռացող նախագահ Աշրաֆ Ղանի հարազատ եղբայրը միացել է «Թալիբան» շարժմանը: «Թալիբանը» խոստացել է շուտով ձևավորել ներառական կառավարություն՝ նախկին պաշտոնյաների ներգրավմամբ: