BBC-ի «Երաժշտական ամսագիրը» ծավալուն հոդվածով անդրադարձել է Կոմիտասի կյանքին, ստեղծագործությանը և ողբերգական ճակատագրին:
Հոդվածի հեղինակ, միջազգային ճանաչում ունեցող երաժշտական մեկնաբան Մայքլ Չըրչը, գնահատելով Կոմիտասի ժառանգությունը, հղումներ է անում նրա հաջողված ձայնագրություններին՝ լավագույնների թվում նշելով նաև «Պատարագի»՝ Լատվիայի ռադիոյի երգչախմբի ձայնագրությունը: Ամեն ինչ սկսվեց 2019-ին, երբ Լատվիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին Ռիգայի Սբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ պատարագի համերգային կատարումը:
Այս համերգին հաջորդեց «Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնագրությունը՝ խառը երգչախմբի համար Վաչե Շարաֆյանի փոխադրությամբ: Եվ արդեն ամերիկյան DELOS ընկերության թողարկած ձայնասկավառակն առիթ տվեց արձանագրել, որ դեսպան Մկրտչյանի նախաձեռնությունը մշակութային դիվանագիտության խիստ հաջողված օրինակ է:
Կոմիտասի երաժշտական գլուխգործոցին նվիրված այս նախագծին, բացի հայկական և լատվիական լրատվամիջոցների նյութերից, եղան նաև ամերիկյան, բրիտանական, գեմանական, ավստրիական լրատվամիջոցների շուրջ 200 անդրադարձներ: Այն հատկապես բարձր գնահատեցին «Գարդիանը» և Independent-ը: «Գարդիանի» հոդվածի հեղինակ Մայքլ Չըրչն այժմ արդեն BBC-ի «Երաժշտական ամսագրում» անդրադառնալով Կոմիտասի երաժշտական ֆենոմենին՝ չի շրջանցում նաև նախորդ դարասկզբի հայտնի իորողությունները:
Տիգրան Մկրտչյանի գնահատմամբ՝ այսօր աշխարհում մշակութային դիվանագիտությունը ցավալիորեն թերագանահտված է, մինչդեռ այն կարող է մեծապես նպաստել ոչ միայն հայ մշակույթի միջազգային քարոզչությանը, այլև առաջ մղել արտաքին քաղաքականության օրակարգային հարցեր, ինչի լավագույն վկայությունը 2021 թ. մայիսի 6-ին Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էր:
Հեղինակ՝ Անի Ստեփանյան