Հրդեհների հնարավոր ռիսկը նվազեցնելու համար Հայանտառի աշխատակիցները կանխարգելման աշխատանքներ են իրականացնում:
Հրդեհները հիմնականում առաջանում են ճանապարհների հարակից տարածքներում, ուստի մասնագետները 2-3 մետր խորությամբ այրում են չոր խոտը: Հրդեհների առաջացման հիմնական պատճառը շարունակում է մնալ մարդկային գործոնը:
Սարգիս Պետրոսյան («Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արզնի անտառպետության անտառապետ) - Հիմնականում հրդեհներ առաջանում են, իհարկե, ծխախոտից: Շիշը շպրտում են՝ դա նույնպես պատճառ է: Մենք ունեցել ենք 40-ից բարձր ջերմաստիճան, գարեջրի շիշը տաքանում է, դրանից կայծ է առաջանում:
Մեկ ամսից ավելի է՝ հարևան երկրներում պայքարում են աննախադեպ հրդեհների դեմ: Շոգ եղանակն ու տեղումների ոչ բավարար քանակությունն այս տարի հրդեհավտանգ բարդ իրավիճակ կարող էր ստեղծել նաև մեր երկրում: Բարեբախտաբար, վերջին երկու՝ հուլիս և օգոստոս ամիսներին, «Հայանտառի» վերահսկողության տակ գտնվող անտառային տարածքներում հրդեհների քանակը մյուս տարիների համեմատ մեծ չէ:
Պավել Ցուգունյանի խոսքով՝ քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բարձրացումն ու կանխարգելման աշխատանքներն են նպաստել, որ հրդեհների առաջացման օջախները նվազեն:
Այս տարի «Հայանտառի» վերահսկողության տակ գտնվող անտառային տարածքներում ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 11 հրդեհ: Ամենաշատ հրդեհները Վանաձոր համայնքին հարակից անտառային տարածքներում են եղել:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան