Որ կորոնաթվերը երկրում նվազեն՝ խստացված ստուգումների են անցել տեսչական մարմինները: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերջին 8 ամսում 28 000 ստուգում է արել: Այս անգամ խոշորացույցի տակ Շենգավիթի մեծ ու փոքր խանութներն էին:
Նելլի Աբրահամյան (ԱԱՏՄ ավագ տեսուչ) - Հիմնական խախտումները դիմակների կրումն է և կուտակումն է, հաճախորդների կուտակումն է և սոցիալական հեռավորության չպահպանումն է, բայց մենք այստեղ տեսնում ենք, որ 1.5 մետր գծանշումները կան, կուտակումներ չկան, և գրեթե բոլոր աշխատակիցները և հաճախորդները դիմակ կրում են:
Տեսուչները ստուգում են ամեն բան, տնտեսվարողին էլ հիշեցնում՝ պետք է պահել հակահամաճարակային կանոնները: ԱԱՏՄ ավագ տեսուչը նաև արձանագրում է՝ հիմնական կարգազանցները հաճախորդներն են, որ խանութ մտնելիս դիմակ չեն դնում:
Նելլի Աբրահամյան - Այդուհանդերձ, արձանագրվում են որոշակի խախտումներ, մասնավորապես, ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները ճիշտ չեն վարվում, կամ առհասարակ այդ աշխատանքները չեն կատարվում: Նորմի պարտադիր պահանջ է փակ աղբամանի առկայությունը, այն պետք է նախատեսված լինի միայն դիմակների համար, ունենա նշագրում:
ԱԱՏՄ հորդորը նույնն է՝ մտածել աշխատողների առողջության մասին, ու որ նորից կարանտին չլինի, խանութը չփակվի, տնտեսվարողն էլ չտուժի՝ խիստ լինել, հաճախորդին էլ չզլանալ, հարկ եղած դեպքում մի քանի անգամ հիշեցնել՝ պարտադիր դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահել:
Առևտրի կենտրոն, դեղատուն, բուժհաստատություն թե վարսավիրանոց՝ տեսուչների համար կապ չունի. մեկ չէ, մի քանի անգամ են անակնկալ այցելում, ստուգում ու արձանագրում: Նելլի Աբրահամյանը բացառում է վերապահումները, նաև հիշեցնում խանութներում կորոնականոնները վերահսկող պատասխանատուների մասին:
Նելլի Աբրահամյան - Ցանցային խանութներում սովորաբար նշանակվում է 1 պատասխանատու, որը պատասխան է տալիս ցանցի բոլոր խանութների համար: Առանձին տնտեսվարողներ կարող են նաև իրենց խանութներում առանձին պատասխանատուների նշանակել, բայց պատասխանատու նշանակելը պարտադիր նորմի պահանջ է:
Տեսուչները մինչև կեսօր արդեն հասցրին մոտ 110 տնտեսվարողի մոտ լինել, ընդամենը 8 արձանագրություն կազմեցին: