Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1356-Ն որոշմամբ, պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման նպատակով, 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության։ Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց:
Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։
Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:
Հավաքներից խուսափելն առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ: