Հանրապետության, նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «Քովիդ կլինիկայի» մահճակալային ֆոնդը դարձյալ ծանրաբեռնված է: 500 մահճակալ ունեցող կլինիկայում այս պահին բուժում է ստանում 490 քաղաքացի:
Սարգիս Ղազարյան («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ «Քովիդ կլինիկայի» ղեկավար) - 110-ը գտնվում են տարբեր մակարդակի ինտենսիվ խնամքի բաժանմունքներում: Եթե գնահատենք ըստ ծանրության, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը 70 է:
Վարակակիրների թվի աճը Սարգիս Ղազարյանը պայմանավորում է հիվանդության «Դելտա» շտամով:
Սարգիս Ղազարյան - Այս ալիքի առանձնահատկություններից մեկն այն է, որ ավելի խոցելու խումբ են դարձել երիտասարդ տարիքի պացիենտները. այդ վիճակագրությունը կա ողջ աշխարհում: Նախկինում 30-39 տարեկան պացիենտների չափաբաժինը կազմել է 2/100 հազարի, այս թիվը, միջազգային տվյալներով, դարձել է ռեկորդակիր՝ 2.5/100 հազարի: Ավելի շատ քանակով երիտասարդ պացիենտներ ունենում են հոսպիտալացման կարիք և ծանր ընթացքով ընթացող հիվանդություն»:
Քովիդի նոր ալիքի մեկ այլ առանձնահատկություն էլ հիվանդության սրընթաց զարգացումն է:
Սարգիս Ղազարյան - Օրերի ընթացքում մենք կարող ենք ունենալ հիվանդության լրջագույն պրոգրեսիա: Պացիենտը, առանց թթվածնի կարիք ունենալու, 2, 3, 4 օրում նույնիսկ կարող է դառնալ ծանր, թթվածնից կախյալ պացիենտ: Համապատասխանաբար, երկարում է և բուժական ընթացքը, և վատ ելքի հավանականությունը նույնպես մեծանում է:
Հանրապետությունում վարակման աճը կանխելու լավագույն միջոցը Ղազարյանը համարում է պատվաստումը: Մասնագետը նշում է՝ ունեն նաև պատվաստված պացիենտներ, սակայն նրանց բուժման ընթացքն ավելի թեթև է:
Սարգիս Ղազարյան - Բոլոր հետազոտություններով, ցույց է տրվում, որ պատվաստվելու պարագայում, հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը անգամներ ավելի նվազ է, քան չպատվաստված պացիենտների մոտ: Եվ, առհասարակ, պատվաստված պացիենտի վարակվելու պարագայում, նրա հոսպիտալիզացիայի անհրաժեշտությունը, նույնպես, անգամներ ավելի պակաս է, քան չպատվաստված պացիենտի մոտ:
Օգոստոսի 20-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 7131 է: Հիվանդության թվաքանակի աճով պայմանավորված, դարձյալ արդիական է փակ տարածքներում պարտադիր դիմակի դնելու պահանջը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան