Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Տեսչական մարմիններն արդեն երկրորդ օրն է՝ խստացված հսկողություն են իրականացնում: Հանրային տրանսպորտում կատարվող ստուգումներին հետևել է «Լուրեր»-ի նկարահանող խումբը:
«Երեկվանից սկսել ենք մեր մշտադիտարկումները, վերահսկողական գործառույթները հանրային տրանսպորտում: Խոսքը չի վերաբերում միայն հանրային տրանսպորտին, մեր ուշադրության կենտրոնում է տրանսպորտի ոլորտը, մասնավորապես կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրման գործընթացը, մարդատար տաքսի ավտոմոբիլներով իրականացվող ուղևորափոխադրման գործընթացը, երկաթուղային տրանսպորտը, ինչպես նաև Մետրոպոլիտենը: 200-ից ավելի մշտադիտարկումներ են իրականացվել, բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվում, բայց եթե համեմատենք երեկվա և այսօրվա արդյունքները, որոշակի դրական միտումներ են նկատվում զուտ այն առումով, որ արդեն իսկ ուղևորները և վարորդները դիմակներ են դնում»,- ասաց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանը:
Արաբաչյանը նշեց, որ տնտեսվարող սուբյեկտներին և վարորդներին հորդորել են մինչև ուղևորներին սպասարկելը պարտադիր օգտվել ախտահանիչ հեղուկից, բացի այդ, սպասարկել ուղևորներին միայն դիմակների առկայության դեպքում:
«Կանոնավոր երթուղիներ շահագործող տնտեսվարող սուբյեկտներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներում օրական նվազագույնը երկու անգամ իրականացնել ախտահանման գործընթաց»,- հայտնեց Արաբաչյանը: