Օգոստոսի 20-ին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ջրամատակարարման ընթացիկ վիճակի քննարկման և ջրապահովման խնդրին հեռանկարային ու համալիր լուծումներ առաջարկելու հարցերին, հայտնում են ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից:
Խորհրդակցությանը, որին մասնակցել են ԱՀ Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, ՀՀ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը, ինչպես նաև ոլորտային մասնագետներ, ներկայացվել են վերջին ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի խիստ սակավության խնդրի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցները, որոնց արդյունքում որոշակիորեն բարելավվել է բնակչությանը ջրով ապահովելու հարցը։
Ընդգծվել է ջրի առկա պաշարը խնայողաբար օգտագործելու, մուտքային ծավալներն ավելացնելու և ջրային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու անհրաժեշտությունը։
Ներկայացվել են աշխարհում կիրառվող միջոցները, քննարկվել դրանք հայաստանյան գործընկերների մասնագիտական օժանդակությամբ Արցախում ներդնելու հնարավորությունները։