Կապանում գրեթե մեկ ամիս է տեղադրվել է պատվաստման շրջիկ կայան: Այս ընթացքում պատվաստվել է Իրանի մեկ քաղաքացի՝ ասում է պատասխանատու բժիշկը: Օտարերկրացիները խմբով գալիս են ու հեռանում. պատճառը Հայաստանում առնվազն 10 օր գտնվելու պահանջն է:
Պատկերն այլ է մարզկենտրոնի պոլիկլինիկայում, այստեղ նույնիսկ հերթեր են գոյանում: Մարդիկ նախընտրում են պոլիկլինիկայում պատվաստվել: Օրական պատվաստվում է մոտ 100 մարդ:
100 տոկոսով պատվաստվել են մարզի առողջապահության ոլորտի աշխատակիցները: Ակտիվ պատվաստվում են մարզպետարանի աշխատակիցները, նրանց մեծ մասն արդեն ստանում է երկրորդ դեղաչափը: Իսկ ահա մանկավարժների պատվաստման ցուցանիշը մտահոգիչ է. մարզի 2156 մանկավարժներից պատվաստվել է ընդամենը 220-ը:
Սյունիքի մարզում մինչև հիմա պատվաստվել է 8153 մարդ, որից 5851-ն ստացել է դեռ առաջին դեղաչափը: Այս պահին Կապանի ԲԿ-ում բուժում է ստանում 33 հիվանդ, իսկ 106 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան