ՌԴ ԱԳՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԱԼԻԵՎԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԶԻՆԵԼՈՒ ԿՈՉԻՆ
Որևէ երկրի զենք վաճառելը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է, և բացի դրանից, Մոսկվան միշտ հաշվի է առնում ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանին չզինելու կոչին՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ ռազմատենչ հայտարարությունները չեն նպաստում իրավիճակի կարգավորմանը, և որ Մոսկվայի անվերապահ առաջնահերթությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և ընթացիկ տարվա հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է:
«Ագրեսիվ հռետորաբանությունն այս նպատակին չի մոտեցնում»,- ասել է Զախարովան: Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, թե Բաքվի և Երևանի հետ շփումները կանոնավոր կերպով իրականացվում են, բանակցությունները մշտապես տարվում են, մեծամասամբ՝ ոչ հրապարակավ, քանի որ քննարկվող հարցերը զգայուն են:
«Պարզապես դա կարող է իսկապես խանգարել կայուն արդյունքի հասնելուն»,- ասել է Զախարովան:
ՄԱԿՐՈՆԸ ԵՎ ՊՈՒՏԻՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդները օգոստոսի 19-ի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդիրը: Վլադիմիր Պուտինը Մակրոնին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մակրոնի և Պուտինի զրույցի ընթացքում արձանագրվել է, որ տարածաշրջանում իրավիճակը ընդհանուր առմամբ կայուն է: Ըստ Ելիսեյան պալատի հաղորդագրության՝ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերսկսման կապակցությամբ:
Վլադիմիր Պուտինը փոխանցել է Մակրոնին, որ քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերը վերականգնելու և բնակչության մարդասիրական կարիքները հոգալու ուղղությամբ:
«Երկու նախագահները ցանկություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը ղարաբաղյան խնդրի տարբեր ասպեկտների կարգավորման ուղղությամբ, նախ և առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում»,- նշված է Կրեմլի հայտարարության մեջ:
Մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում նախագահները քննարկել են նաև Աֆղանստանում ստեղծված իրավիճակը:
ՄԵՐԿԵԼԸ ԿԱՅՑԵԼԻ ՄՈՍԿՎԱ
Աֆղանստանյան զարգացումներն ու միջազգային այլ կարևոր հարցեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կքննարկի նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որը օգոստոսի 20-ին կլինի Մոսկվայում: Կանցլերի պաշտոնում դա նրա վերջին այցն է Ռուսաստան:
Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև «Հյուսիսային հոսք-2» գրեթե կառուցված խողովակաշարի հետ կապված հարցեր, որը բնական գազը Ռուսաստանից Բալթիկ ծովով հասցնելու է Գերմանիա:
Հուլիսին Գերմանիան և Միացյալ Նահանգները համաձայնության էին եկել, որ Վաշինգտոնը չի խոչընդոտի «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումը, փոխարենը Գերմանիան կաջակցի Ուկրաինային ու կհակազդի Ռուսաստանին, եթե Մոսկվան էներգետիկ հարցերն օգտագործի քաղաքական ճնշում գործադրելու համար:
Ռուսաստանից հետո Մերկելը օգոստոսի 22-ին կմեկնի Ուկրաինա՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ բանակցությունների:
ԿԿԱՅԱՆԱ ԲԱՅԴԵՆ-ԶԵԼԵՆՍԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգոստոսի 31-ին Վաշինգտոնում կհանդիպի նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ հանդիպումը պետք է տեղի ունենար մեկ օր շուտ՝ օգոստոսի 30-ին:
Ըստ Ուկրաինայի արտգործնախարարության՝ մեկօրյա հետաձգումը կապված է Միացյալ Նահանգներ Զելենսկու կատարելիք այցի ծրագրի ընդլայնման հետ: