Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհն սկսել էին կառուցել դեռևս 2016-ից: 2018-ին ավարտվել էր ճանապարհի Վանաձոր-Թումանյան հատվածի շինարարությունը: 2018-ի մայիսից մեկնարկել է ճանապարհաշինության երկրորդ փուլը: Լայնածավալ աշխատանքներ են կատարվել, մինչև անգամ ճանապարհի լայնացման համար պահանջվել են պայթեցումներ: Նախագիծն ընթացքում ընդլայնվել է, ընդգրկվել է նաև Ալավերդու զույգ կամուրջների նորոգումը:
Հիմա կառուցվում է նոր ուղեանց՝ Քոբայրի հատվածում: Ընդհանուր առմամբ՝ ճանապարհի 90 կիլոմետր հատվածում նորոգվել ու հիմնանորոգվել է 12 կամուրջ: Այս պահին կատարված է ճանապարհի աշխատանքների 65 տոկոսը: Ճանապարհը պետք է լինի երրորդ կարգի՝ յոթ մետր լայնությամբ, ևս երկու մետր կողնակներով: Բարելավումից հետո զգալի կավելանա ճանապարհի թողունակությունը:
Որոշ հատվածներում իտալական ընկերությունը նոր տեխնոլոգիայով ամրացնում է ստորին հենապատերը, ապահովում ջրահեռացումը: Այս տեխնոլոգիայով ճանապարհներ են կառուցվում Միացյալ Նահանգներում, եվրոպական երկրներում՝ ասում է Ալեքսիս Կերիդիսը:
Նախատեսվում է, որ 2016-ից մինչև օրս կառուցվող միջպետական ճանապարհի շինարարական աշխատանքները կավարտեն այս տարվա նոյեմբերին: