Ամենամյա արձակուրդից մինչև աշխատող երեխաների տարիքային շեմ. Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կլինեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախագիծը հանրային քննարկման ներկայացնելուց հետո ամփոփում է կառավարություն ներկայացնելու համար:
Ժորա Սարգսյան (ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Գործող կարգավորումների համաձայն՝ որոշակի ոլորտներում ճիշտ է՝ սահմանափակ, բայց կարող էին աշխատել նաև մինչև 14 տարեկան անձինք: նախագծով առաջարկվում է ամեն դեպքում տարիքային շեմը սահմանել 14-ից: Որովհետև մեր գործող կարգավորումը հակասում է Եվրոպական սոցիալական խարտիային այն առումով, որ ամեն դեպքում աշխատանքային տարիքը չի կարող այդքան վաղ նախատեսվել:
Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշում է՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նպատակն է գործող կարգավորումների պարզեցումը, որ լինի միասնական մոտեցում:
Հերիքնազ Տիգրանյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Այստեղ ունենք նաև ենթաօրենսդրական կարգավորումներ, որոնք սահմանում են այն աշխատատեսակների ցանկը, որտեղ արգելվում է ընդհանրապես անչափահասների ներգրավումը: Այս փոփոխությամբ ամրագրվում է հստակ տարիքային շեմը: Օրենսդրությունը միանշանակ արգելում է ծխախոտի, ալկոհոլի վաճառքում ներգրավել անչափահասների. սա նաև առաջացնում է վարչական պատասխանատվություն, եթե գործնականում կհայտնաբերվեն նման դեպքեր:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է վերահսկելու՝ երեխաներն արգելված աշխատանքով զբաղվում են թե ոչ: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ, օրինակ, 14-15 տարեկան երեխաները կարող են աշխատել օրական ոչ ավել քան 2 ժամ, այսինքն՝ շաբաթական ոչ ավել, քան 10-ը ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս: Կարգավորումներ կլինեն նաև ամենամյա արձակուրդի տրամադրման կարգում:
Ժորա Սարգսյան - Եթե ամենամյա արձակուրդը տեղափոխվում է, իսկ դրա տեղափոխման հնարավորությունը օրենսգրքով նախատեսված է մինչև 18 ամիս, դրանից հետո ամեն դեպքում գործատուն պետք է տրամադրի այդ արձակուրդը, հակառակ պարագայում նախատեսվում են տույժեր գործատուի համար, որը, կարելի է ասել, զսպող մեխանիզմ կլինի, որպեսզի այն տրամադրվի ամբողջությամբ:
Աշխատողն արձակուրդի դիմում գրել է թե ոչ՝ գործատուն իրավունք ունի իր հրամանով ամենամյա արձակուրդ տրամադրել նրան՝ խուսափելով տույժերից:
Ժորա Սարգսյան - Իրականության մեջ կան դեպքեր, որ 4-5 տարով մարդիկ իրենց ամենամյա արձակուրդից չեն օգտվում և դրա մասով սանկցիա՝ որպես այդպիսին, նախատեսված չէ. Հիմա ասում ենք հետևյալը. կա՛մ պետք է տաք, կա՛մ պետք է տույժ կիրառվի:
Տույժի ամսական չափը պետք է լինի ոչ ավել, քան նախատեսվող աշխատավարձի չափն է: Մի շարք այլ փոփոխություններին զուգահեռ, եթե, գործող կարգավորումներով, կրծքով կերակրող մայրը կարող է 3 ժամը մեկ ունենալ կես ժամ ընդմիջում՝ երեխային կրծքով կերակրելու համար, հիմա առաջարկվում է, աշխատողի ցանկությամբ, այդ հավելյալ տրամադրվող ընդմիջումները միավորել օրվա համար նախատեսված ընդմիջմանը: