Ձմերուկ առնող-ծախողների թեման նախօրեից սոցցանցային ֆոտոն է։ Օգտատերերից մեկն ահազանգում է, թե թունավոր ձմերուկ ենք ուտում, քանի որ դրա մեջ նիտրատների քանակը նորմայից 5 անգամ բարձր է։ Վաճառողները դա գյուղատնտեսական բիզնեսի նկատմամբ պարզ վատություն են որակում։
Ձմերուկի սիրողական փորձաքննության լուսանկարը տեսել են նաև սննդամթերքի անվտագության պատասխանատու կառույցում։ Դրա հեղինակը փորձել է սարքը գովազդե՞լ, թե՞ մի ձմերուկի օրինակով մարդկանց սթրեսի ենթարկել՝ ասել չեն կարող: Պարզ է մի բան․ էկրանին թույլատրելի 60-ի փոխարեն 288 է:
Արթուր Նիկոյան (ՀՀ ՍԱՏՄ Բուսասանիտարիայի վարչության պետ) - Եթե դա իրականությանը համապատասխանում է, և սարքը պատահաբար ճիշտ է ցույց տվել, իհարկե դա համարվում է վտանգավոր:
Նիկոյանը շեշտում է՝ վտանգավոր՝ չի նշանակում ուտողը կթունավորվի, կմահանա։ Մանավանդ որ, գրեթե վստահ է, ցուցանիշը ճիշտ չէ։ Այդ սարքերից ՍԱՏՄ-ում էլ կան, բայց հազվադեպ են օգտագործում՝ միայն սահմանին, ներմուծվող գյուղմթերքի առաջնային զննության համար։ Պատճառը մեծ սխալանքն է։
Արթուր Նիկոյան - էն որ մենք փորձում ենք ստուգել՝ 3 անգամ պիտի փորձենք, լինում է, որ էդ եռակի տարբերություն է տալիս. խոսքը նույն պտղի մասին է:
Պտղի մեջ նիտրատն արագ չափող սարքը եթե ճշգրիտ տեխնիկա լիներ, մասնագետներն այլևս լաբորատոր փորձեր չէին անի։ Այդուհանդերձ, նաև մեր սպառողը դրանց հավատաց Վլադիմիր Ժիրինովսկու՝ ռուսական շուկա շրջայցի ընթացքում, երբ որակազրկեց որոշ մթերքներ և գովեստի խոսքեր շռայլեց հայկական ծիրանի հասցեին։
Ի՞նչ որակի միրգ-բանջարեղեն ենք ուտում, գյուղացին դա աճեցնելիս իրո՞ք չափից շատ թունաքիմիկատ է օգտագործում. հարցի պատասխանը չկա։ Սննդամթերքի տեսչությունը սովորաբար ընդհանուր մոնիթորինգ է իրականացնում։ Այն էլ, քովիդի ու պատերազմի պատճառով, նախորդ տարի չեն արել։ Այս տարվա լաբորատոր փորձաքննությունները ամռան ավարտից անկախ՝ նոր-նոր են սկսել։
Արթուր Նիկոյան - Կեռասը, ծիրանն այժմ ուսումնասիրվում են, հերթում տանձ-խնձորն է, ձմերուկը, սեխը, լոլիկը: Ընդհանուր արդյունքները կլինեն աշնանը:
Ձմերուկը լինի թե կարտոֆիլը՝ գյուղացին ինքը, իր ընտանիքն էլ են, չէ՞, ուտում, ինչո՞ւ պետք է թույլատրելիից շատ ազոտական պարարտանյութ տա՝ թունաքիմիկատի գերօգտագործման կասկածի մասին ասում է Երևանում գյուղմթերք վաճառող Գևորգը։
Այն, որ հայաստանյան այգետերերից ոմանք, այսպես ասած, աչքաչափով են դաշտերը պարարտացնում, նաև ՍԱՏՄ-ում գիտեն։ Հենց դրա համար էլ Բուսասանիտարիայի վարչության պետը սպառողին իր փորձից է խորհուրդ տալիս․ օրգանիզմում քաղցկեղածին նիտրատի թե այլ պեստիցիդի քանակը վերահսկելու համար, գաստրոնոմիական վախերը մի կողմ, ճիշտը չափավոր ուտելն է:
Արթուր Նիկոյան - Ես ինքս հանգիստ ձմերուկ եմ ուտում, ասեմ ավելին՝ ամեն օր եմ ուտում, էստեղ ամենակարևորը չափավոր ուտելն է: