Հայաստանում տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման առաջին աշխատանքային հանդիպումը: Աշխատանքային խմբում ընդգրկված էին Հայաստանի և Ռուսաստանի ոլորտային ընկերություններ և կազմակերպություններ, տեղեկացնում է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժինը:
Հայկական կողմից ընդգրկված են «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի ներկայացուցիչները, իսկ ռուսական կողմից՝ «Ռուսատոմ սերվիս» ԲԸ, АО «Концерн Росэнергоатом»-ի, АО ОКБ «ГИДРОПРЕСС»-ի, АО «Атомэнергопроект»-ի և НИЦ «Курчатовский институт»-ի ներկայացուցիչներ:
Կողմերը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի մշակած թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԿԵ) հայեցակարգի նախագիծը, դիտարկվել են Հայկական ԱԷԿ-ի ՇԺԿԵ հայեցակարգի նախագծում առաջարկվող միջոցառումներն ու մոտեցումները, ինչպես նաև Ռուսաստանի ВВЭР-440 տիպի ռեակտորներով ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ընթացքում կիրառված մոտեցումները, մասնավորապես Կոլայի ԱԷԿ-ի № 1, 2 էներգաբլոկներում, Նովովորոնեժյան ԱԷԿ-ի № 4 էներգաբլոկում։
«Մեր ընդհանուր խնդիրը ռուսաստանցի մասնագետների հետ համատեղ Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության, հուսալիության և արդյունավետության առավելագույնս բարձրացումն է: Արդեն կատարվել են նախնական հաշվարկներ, ըստ որոնց, կայանը կարող է լրացուցիչ շահագործվել 2026 թվականից հետո»,- ասել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:
Աշխատանքային խմբի գործունեությունը համակարգում է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն:
Ըստ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովի՝ Ռոսատոմի ձեռնարկությունները կուտակել են ատոմակայանների շահագործման ժամկետը երկարացձգելու հսկայական փորձ, և դա օգտակար կլինի Հայկական ատոմակայանի կրկնակի երկարաձգման հայեցակարգի պատրաստման համար:
«2019-ին Կոլայի ԱԷԿ-ում հաջողությամբ ավարտվեց էներգաբլոկների լայնածավալ արդիականացումը, ինչը հնարավորություն տվեց մեծացնել նրանց անվտանգության մակարդակը և երկարաձգել շահագրծման ծամկետները մինչև 2033 և 2034 թվականները: Այժմ Կոլայի ատոմակայանը Մուրմանսկի շրջանում և Կարելիայում հուսալիորեն ապահովում է էլեկտրաէներգիայով սպառողների մեծ մասին»,- ընդգծել է Եվգենի Սալկովը:
Հանդիպման արդյունքում աշխատանքային խմբի մասնակիցներն արդեն ծրագրել են հետագա քայլեր՝ կրկնակի երկարաձգման և Հայաստանում ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման հայեցակարգի վերամշակումը, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգության բարելավման աշխատանքների ցանկի որոշումը, Հայաստանում ԱԷԿ-ի կրկնակի երկարաձգման շրջանակներում ռադիոակտիվ թափոնների և ծախսված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ապահովումը և այլ կարևոր աշխատանքները:
Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հայեցակարգի համաձայնեցման համատեղ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչև 2021 թվականի վերջ: