Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը Անկարայի հայկական գերեզմանոցի ավերման հարցը ներկայացրել է Թուրքիայի խորհրդարանում՝ գրում է Ermenihaber-ը:
Պատգամավորը հիշեցրել է, որ Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգության մի մասն է և 90-ականներին հատուկ պահպանվող տարածք է հայտարարվել: Մինչդեռ այն դարձյալ գանձախույզների թիրախում է ու թալանի նպատակով շարունակ ավերվում է, ինչը խորապես վիրավորում է Թուրքիայի հայ համայնքին։
Հղում անելով մամուլում տեղ գտած լուրերին՝ Փայլանը նշել է, որ վերջին օրերին գանձագողերը բացել են նաև հելլենիստական դարաշրջանին պատկանող մի շարք գերեզմաններ և այս ու այն կողմ ցրել մարդկանց ոսկորները: Փայլանը ցանկացել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյից ճշտել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում հայկական գերեզմանոցների պահպանության համար:
Ի դեպ, Անկարայի կենտրոնից 30 կմ հեռավորության վրա գտնվող գերեզմանատան տարածքը միայն գանձագողերից չէ, որ պետք է պաշտպանել: Տարածքի մի մասն էլ տեղացիներն օգտագործում են պիկնիկների համար: