Մոսկվայում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը: Կանցլերի պաշտոնում դա նրա վերջին այցն է Մոսկվա: Պուտինը կանցլերին դիմավորել է ծաղիկներով, ապա կողմերը քննարկել են միջազգային օրակարգի հարցեր: Անգելա Մերկելը նշել է, որ չնայած առկա բարդություններին և տարաձայնություններին, Գերմանիան միշտ ձգտում է երկխոսություն պահպանել Ռուսաստանի հետ:
*****
Ադրբեջանի իշխանությունն ընդունել է որոշում, ըստ որի չափահաս բնակիչները պարտավոր են ունենալ COVID-անձնագրեր: Այդ փաստաթուղթը պետք է վկայի, որ անձը վարակվել է կորոնավիրուսով և կազդուրվել է, կամ ստացել է կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում՝ երկու ներարկում: Իշխանությունը ստուգելու է անձնագրերի առկայությունը խոշոր խանութներում, առևտրի կենտրոններում, հանրային վայրերում և ուսումնական հաստատություններում: Ընդ որում՝ դա անելու են հաստատությունների աշխատակիցները կամ քաղաքացիական հագուստով ոստիկանները: Եթե ֆիզիկական անձի մոտ COVID-անձնագիր չլինի, նա կտուգանվի 118-235 դոլարով: Եթե COVID-անձնագիր չունենա պաշտոնատար անձը, նա կտուգանվի 4000-ից 5000 մանաթով, ինչը կազմում է մոտ 3000 դոլար:
*****
Իսրայելում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը ներարկել 40-ից բարձր անձանց և ուսումնական հաստատությունների աշխատակիցներին: Երրորդ դեղաչափի անհրաժեշտության մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարությունը: Մասնագետները հուսով են, որ երրորդ դեղաչափը կհզորացնի օրգանիզմի իմունային պաշտպանությունը հնդկական «Դելտա» շտամի դեմ: Իսրայելցի մասնագետների համոզմամբ՝ կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափն անհրաժեշտ է ոչ միայն 40-ից բարձր տարիքով բնակիչներին, այլև քրոնիկ հիվանդություններ՝ հատկապես սրտի, թոքերի կամ շաքարախտի խնդիրներ ունեցողներին: Պատվաստանյութի երրորդ դեղաչափ ստացել են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու ԱՄՆ առաջին տիկինը: