Իսպանիայի իշխանությունները ռուսական նավերին թույլ չեն տվել կայանել ինքնավար Սեուտա քաղաքի նավահանգստում՝ հաղորդում է El Pais թերթը:
Թագավորության արտգործնախարարությունը դեմ է եղել, որ օգոստոսի 18-20-ը նավահանգիստ մուտք գործեն «Փոխծովակալ Կուլակով» հակասուզանավային մեծ նավն ու «Ալթայ» քարշականավը: Ըստ պարբերականի՝ Իսպանիայի պաշտպանության նախարարությունը ոչ մի խոչընդոտ չի տեսել Սեուտայում ռուսական նավերի կայանման համար: Թագավորության արտգործնախարարությունն էլ պատրաստ է եղել թույլատրել նավերի մուտքը, սակայն Մոսկվային լրացուցիչ հարցում է արել ռուսական նավատորմի հաջորդ հանգրվանի մասին:
Թերթը ենթադրում է, որ նախարարությունն այդպիսով ցանկացել է խուսափել ռուսական նավերի երթուղու հետ կապված ցանկացած կոնֆլիկտային իրավիճակից:
2022 թվականի գարնանը Մադրիդը հյուրընկալելու է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, և, ըստ վերլուծաբանի, Իսպանիան չի ցանկացել ռուսական նավատորմի նավերն ընդունելով՝ առաջացնել դաշինքի դժգոհությունը: Ռուսական կողմից պատասխան չստանալով՝ Իսպանիայի ԱԳՆ-ն մերժել է նավերի կայանման թույլտվությունը: