ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԽՆԴԻՐԸ
16 կարևոր փաստաթուղթ է ստորագրվել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպման մանրամասներն է ներկայացնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը: Մոսկվա-Չոլպան-Աթա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ընթացքում Իյա Մալկինան անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ Եվրասիական տնտեսական միությունում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ստեղծման խնդրին։ Մալկինան վստահեցնում է՝ փորձագիտական գնահատականներով կանաչ գյուղատնտեսության ԵԱՏՄ միասնական շուկայի ձևավորմամբ հնարավոր է տարեկան մինչև 400 միլիոն դոլարի եկամուտ ապահովել։
Իյա Մալկինա (ԵՏՀ կոլեգիայի նախագահի օգնական) - Մեր ցանկացած միասնական գործողություն առաջին հերթին ուղղված է օրգանական գյուղարտադրանքի կանաչ հավաստագրերի ներդրմանը, օրգանական հողագործության խթանմանը, որ առաջին հերթին շահեն գյուղատնտեսության ոլորտում գործող Փոքր ու միջին ձեռնարկատերերը, գյուղատնտեսական ընկերությունները, որոնք կարող են կայուն դիրք գրավել՝ ստանալով կայուն եկամտով ու աշխատանքով ապահովված լինելու հնարավորություն:
ԵԱՏՄ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է 54 ԽՈՉԸՆԴՈՏ
Հեռուստակամուրջի օրակարգում էին ԵԱՏՄ առևտրա և փաստաթղթաշրջանառության թվայնացման, կորոնավիրուսի համավարակի հաղթահարման խնդիրները: Նաև Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում առկա խոչընդոտների մասին.
Իյա Մալկինա - Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում առկա խոչընդոտներից արդեն վերացվել է 54-ը: Եվ այս գործընթացը շարունակական է, ամեն տարի վերացվում է ամենաքիչը 10 խոչընդոտ: 2020 թվականին հաջողվել է հաղթահարել 12 արգելք, իսկ այս տարի ևս 3-ը: Փաստացի, այսօր կառավարությունների ղեկավարները նշել են Միության համար ավելի զգայուն խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ է վերացնել 2021-2022 թվականներին: Ընդհանուր առմամբ վերացման ենթակա ցանկում առկա է ևս 14 խոչընդոտ. 13 սահմանափակում և 1 բացառում:
Դրանցից են գիտական կոչումների և աստիճանների փաստաթղթերի ճանաչման ու վարորդների ուսուցման պահանջների ներդաշնակեցումը: Այս տարվա փոխադարձ առևտրաշրջանառության ծավալի մասին. ավելացումն ավելի քան 31 տոկոս է, մոտ 33 միլիարդ դոլար, իսկ միության անդամ երկրների արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2021-ին աճել է 371 միլիարդ դոլարով։ Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցչի՝ թվերը վկայում են, որ տնտեսությունները սկսում են վերականգնվել, տնտեսական հարաբերությունները՝ ևս: