Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորված է, մյուս փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի և համայնքի ևս երկու աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավը: Նրանք մեղադրվում են համայնքային բյուջեից յուրացում և վատնում կատարելու համար:
Տիգրան Շոխոյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ կոռուպցիոն հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ) - Այս անձինք հունիսի 20-ի արտահերթ ընտրությանը «Հայաստան» դաշինքի և այդ ուժի պատգամավարության թեկնածու, գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի օգտին առավելագույն քվե ապահովելու և նրանց կողմից համայքում անցկացված քարոզարշավին առավելագույն անձնանց թվաքանակ ապահովելու համար տվյալ համայնքի բնակիչներից սոցիալական օգնություն տրամադրելու նպատակով հավաքագրել են 115 դիմում:
Ըստ քննչական կոմիտեի՝ հանձնաժողովի անդամները՝ Մենուա Հովսեփյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն են տվել դիմումներին, որից հետո Իրինա Յոլյանը 6.130 հազար դրամ ելքագրելու որոշում է ստորագրել:
Տիգրան Շոխոյան - Սինքրոն քննությամբ պարզվել է, որ այդ 115 դիմումից 62-ը ենթակա չեն եղել բավարարման, այսինքն՝ նշված անձինք չեն գտնվել սոցիալապես անապահով վիճակում կամ ունեցել են գույքային պարտավորություններ համայնքին, ինչը օգնություն ստանալու համար ակնհայտ բացառող հանգամանք է:
Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Գորիս համայնքի ավագանու կողմից հաստատված կարգի համաձայն՝ տվյալ անձինք, չհանդիսանալով շահառուներ, համայնքային բյուջեից ստացել են դրամական օգնություն: Համայնքին պատճառված վնասը կազմում է ավելի քան 3,5 միլիոն դրամ։ Գորիսի փոխքաղաքապետերը և համայնքի երկու աշխատակիցը իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում, ցուցմունքներ էլ չեն տվել՝ «Լուրեր»-ին հայտնեց նրանց փաստաբանական թիմից Էրիկ Ալեքսանյանը:
Փաստաբանի խոսքով՝ ավագանու կողմից հաստատված կարգի խախտում չի եղել:
Էրիկ Ալեքսանյան (փաստաբան) - Եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ խախտվել է կարգը, և գումարը տրամադրվել է ոչ շահառու ընտանիքներին, ապա, միևնույն է, հանցակազմ չկա՝ նկատի ունենալով, որ եթե կա կարգի խախտում, ապա այդ նույն կարգը սահմանում է, որ կարգի 13 կետի համաձայն՝ կարող են վերադարձվել, այ, այդ կետը նշանակում է՝ հանրային վտանգավորություն չկա, իսկ արարքը, որպեսզի լինի քրեորեն պատժելի, պետք է լինի հանրային վտանգավոր:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ գումարները տվյալ անձանց տրամադրվել են «Հայաստան» դաշինքի թեկնածուի օգտին քվեարկելու և հանրահավաքին մասնակցելու համար, փաստաբանը շեշտեց՝ 115 վկայից որևէ մեկը նման բովանդակությամբ ցուցմունք չի տվել:
Էրիկ Ալեքսանյան - Ասում են՝ այո՛, օգնություն տրամադրվել է, բայց մենք դիմում ենք գրել, ասել ենք՝ խնդիր ունենք, և ստացել ենք օգնություն: Քննիչը հարցրել է՝ իսկ խոսակցություն եղե՞լ է, որ դուք պետք է մասնակցեք հանրահավաքի և այլն, ասել են՝ ոչ:
Բացի նշված մեղադրանքից, Մենուա Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնված Քարահունջ բնակավայրի ղեկավարից պահանջել է, որպեսզի Գորիսում անցկացված «Հայաստան» դաշիքնի քարոզարշավին ապահովի 80 անձի մասնակցություն: Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը այս մեղադրանքը ևս որակում է ապօրինի: Մենուա Հովսեփյանին մեղսագրվող արարքները, սակայն սրանով էլ չեն սահմանափակվում: Քարհունջի ղեկավարին նաև հանձնարարվել է «Հայաստան» դաշինքի համար շտաբ վարձակալել բյուջեի միջոցների հաշվին:
Տիգրան Շոխոյան - Քարահունջի ղեկավարը 100 հազար դրամով տարածք է վարձակալել, իսկ ընտրությունից հետո Մենուա Հովսեփյանի հանձնարարությամբ հիշյալ տարածքի սեփականատիրոջից ընդունվել է անապահովության դիմում, և նրան տրամադրվել է 100 հազար դրամ գումար, ինչն իրականում ուղղվել է հիշյալ տարածքի վարձավճարի վճարմանը:
Այս դեպքում ևս, ըստ նախաքննական մարմնի, համայնքային բյուջեից վատնում է կատարվել: