Գյումրու քաղաքապետարանը և ԱՌՔ հիմնադրամը սոցիալապես անապահով, ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու համար համատեղ մեկնարկում են նոր ծրագիր։ Ծրագիրը ֆինանսավորելու են ամերիկահայերը։ Առաջին փուլում կկառուցվի 15-18 բնակարան՝ Անի թաղամասում։
Բնակարանները կհանձեն նորոգված ու խոհանոցի կահույքով։ Ծրագիրը սոցիալական է, գումարի 50 տոկոսը ներդրում է, մյուս 50 տոկոսը 10 տարում բնակարանի տերը վերադարձնելու է հիմնադրամին՝ անտոկոս փոխառության կարգով։ Վերադարձված գումարը նորից ներդրվելու է բնակարանաշինության մեջ։
Քանի որ բնակարանները հիմնականում լինելու են մեկ սենյականոցներ, վերադարձվող փողի չափը շատ չի լինի, ամսական մոտավորապես 15-20 հազար դրամ՝ ասում է հիմնադրամի ներկայացուցիչը։ Կարևոր է, որ ծրագրից կարող են օգտվել ոչ միայն այն ընտանիքները, որոնք անօթևանի կարգավիճակ ունեն։ Իրականում՝ Գյումրիում տնակատեր ընտանիքների թիվը շատ ավելի մեծ է։
Ենթադրյալ շահառուների ընդհանուր շրջանակը դարձյալ համատեղ կմշակվի, սոցիալական չափորոշիչը դարձյալ հաշվի կառնվի։ Հետագայում նրանցից վիճակահանությամբ կընտրեն տանտերերին։
Ծրագիրը շարունակական է լինելու, առաջին փուլի ավարտից հետո մեկնարկելու է երկրորդը։ Այն հնարավորություն կտա էականորեն թեթևացնել պետության հոգսը և նվեր է տնակատերերի համար, որոնք բնակարան չեն կորցրել երկրաշարժի հետևանքով և հայտնվել են տնակներում՝ որպես աճող կամ սոցիալապես անապահով ընտանիքներ։