ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Արցախի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրության և իրավիճակի մասին» արտահերթ զեկույց:
Զեկույցը կազմվել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության աջակցությամբ իրականացված հետազոտության արդյունքներով։ Այս ոլորտում հետազոտությունն առաջինն է Արցախի Հանրապետությունում, որի նպատակն էր խորությամբ ուսումնասիրել և ներկայացնել ԱՀ-ում երեխաների իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության համար առկա օրենսդրությունն ու իրավիճակը:
Հետազոտությունն իրականացվել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ԱՀ օրենսդրության և պրակտիկայի համապատասխանելիության, դրանց կարգավորվածության աստիճանի համատեքստում:
Հետազոտության ենթարկվել են ոչ թե բոլոր իրավունքները, այլ այն համախումբը, որն ընտրվել է աշխատանքային խմբի կողմից առաջնահերթության, կարևորության ու համապարփակության տեսանկյուններից: Հետազոտված իրավունքները ներկայացվել են միջազգային և ազգային չափանիշների համատեքստում:
Հետազոտությունն իրականացվել է 2020 թ. մայիսից մինչև 2021 թ. օգոսոտոս: Աշխատանքներն ընդհատվել էին 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թ. հունվար՝ պայմանավորված ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից սանձարձակած ագրեսիվ պատերազմով և դրա հետևանքներով: