ՄԱԿ-ի նոր զեկույցը զգուշացնում է. «Թալիբանը» հետևում է ՆԱՏՕ-ի կամ Աֆղանստանի նախկին կառավարության համար աշխատած աֆղանստանցիներին և սպառնում նրանց ընտանիքի անդամներին:
Քրիստիան Նելման, Գլոբալ ուսումնասիրությունների նորվեգական կենտրոնի տնօրեն - Մինչև հիմա կարողացել ենք պարզել, որ խոշոր քաղաքներ մտնելուց առաջ նրանք մի քանի անհատների են ուղարկում այնտեղ՝ փնտրելու կառավարության նախկին աշխատակիցների: Նրանք հզոր հետախուզական համակարգ ունեն: Եվ սա պարզապես թալիբների վրեժի ծրագիր չէ։ Մենք գործ ունենք «Թալիբանի» ռազմական ղեկավարության հստակ հանձնարարականների հետ:
ՄԱԿ-ին հետախուզական տվյալներ տրամադրած նորվեգական վերլուծական կենտրոնը վստահ է, որ նախքան նախկին կառավարության հետ կապ ունեցող մարդկանց գտնելը, թալիբները կպատժեն նաև նրանց բարեկամներին: «Թալիբանը» հերքում է այս մեղադրանքները և միջազգային հանրությունից օգնություն խնդրում՝ երկիրը վերակառուցելու համար:
Կատարում «Թալիբանի» գրասենյակի խոսնակը հայտարարել է, որ Աֆղանստանը նոր փուլ է թևակոխում երկարատև պատերազմից հետո և թալիբները, նախկին պաշտոնյաների մասնակցությամբ, փորձում են նաև կառավարություն ձևավորել:
Բազմաթիվ երկրներ տարհանում են իրենց քաղաքացիներին, իսկ հումանիտար իրավիճակն Աֆղանստանում շարունակում է սրվել։ Քաբուլում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, որ չի կարող իր քաղաքացիների համար անվտանգ տեղափոխություն ապահովել մինչև Քաբուլի օդանավակայան:
«ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող չվերթերը Քաբուլից թռչում են և կշարունակվեն մինչև տարահանման գործողության ավարտը: Բայց ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայան հասնելու մասին: ԱՄՆ կառավարությունը չի կարող ապահովել դեպի օդանավակայան անվտանգ փոխադրում»։
Եվրամիությունն իր անդամներին, ինչպես նաև Աֆղանստանի հարևան երկրներին կոչ է անում փախստականների ընդունել այնտեղից: Թուրքիան չի պատրաստվում արձագանքել այդ մարդասիրական կոչին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, թե Աֆղանստանի միգրանտների ճակատագրով պետք է զբաղվի Եվրամիությունը` հավելելով, որ իր երկիրը չի ցանկանում դռները բացել Աֆղանստանից փախուստի դիմող ամբոխների առաջ:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիայի նախագահ - Թուրքիան չունի Եվրոպա ուղևորվող միգրանտների պահոցը դառնալու պարտավորություն և պատասխանատվություն: Մենք ամուր փակում ենք մեր սահմանները և հետ ենք ուղարկում ապօրինի միգրանտներին, թող նրանք որոշեն, թե ուր են գնալու:
Նա նաև հավելել է, որ խստացվել է Իրանի հետ սահմանի պահպանությունը, իսկ սահմանի երկայնքով պատ է կառուցվում։
ՆԱՏՕ-ն հաղորդել է, որ ընդհանուր հաշվով՝ ավելի քան 18 հազար մարդ է տարհանվել այն բանից հետո, երբ թալիբները գրավել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը: