Վարպետ Կարենն է, նվագում է իր ձեռքով պատրաստած դուդուկը: Ծնվել է երաժշտի ընտանիքում: Հայրը նվագախմբի ղեկավար է եղել: Փոքր տարիքում ջութակի դասերի է հաճախել, բայց խոստովանում է՝ չի սիրել:
Կարեն Հակոբյան, երաժիշտ - Սիրում էի դրսում խաղալ, ընկերների հետ վազվզել, նայում էի պատուհանից, վատ էի զգում, որ ես տանը պետք է պարապեմ: Փորձում էի ջութակս կորցնել, բայց չէր ստացվում: Ի վերջո՝ ջարդեցի, տվեցին դաշնամուրի:
Դաշնամուրի բաժինն ավարտելուց հետո վարպետ Կարենն սկսեց հետաքրքրվել փողային գործիքներով: Ուսումը շարունակեց Մանկավարժական համալսարանում՝ շվիի բաժնում: Ուսանողական տարիներին «Տկզար» նվագախմբում շվի ու պկու է նվագել:
Կարեն Հակոբյան - Պկուն պատրաստում էինք տարբեր վարպետների մոտ: Բերում էի, նվագախմբում նվագում, տենում էի, որ ինչ-որ նոտաներ չի բռնում, ձայնի որակը լավը չէ, ես ինքս սկսեցի իմ գործիքը փորել: Հետո կողքերից արդեն մեր նվագախմբի մյուս անդամներն սկսեցին դիմել ինձ, որ իրենց գործիքը նայեմ, ուղղեմ: Այդպես տարիներ անցան, որոշեցի, որ ինքս պատրաստեմ:
Փողային գործիքներ պատրաստելու հարցում սկզբում օգնել են ընկերները՝ տրամադրել են համապատասխան սարքավորումներ, վարպետները սովորեցրել են փայտի ճիշտ վերամշակման գաղտնիքները: 1997 թվականին վարպետ Կարենն ստեղծել է իր արվեստանոցը:
Կարեն Հակոբյան - Բոլորին ցույց էի տալիս, ասում էի՝ դուդուկ եմ սարքում, նայում էին, ասում էին՝ լավ է:
Գործիքների պատրաստման համար նախատեսված փայտը վարպետն ինքն է ընտրում: Ծիրանի ծառի կոճղը եռացնում է ջրի մեջ, փայտի յուղը դուրս է տալիս: Յոթ-ութ տարի այն չորացնելուց հետո է միայն սկսում պատրաստել գործիքները:
Կարեն Հակոբյան - Ամենադժվարն սկսելն է: Հետո, բնավորությանս համաձայն, եթե սկսեցի, պետք է ավարտեմ, կիսատ չեմ սիրում թողնել:
Հիմա, որպես անհատ, համերգներ է ունենում արտերկրում, տանը սիրում է կնոջ հետ նվագել: Տանը՝ դաշնամուրի կողքին, մշտապես իրենց ուրույն տեղն ունեն վարպետ Կարենի՝ ծիրանենու ծառից պատրաստած դուդուկը, շվին, զուռնան, պկուն և պարկապզուկը: Դրանք երաժշտի հարստությունն են: