Էրեբունի ամրոցի քաղաքային հատվածը մինչ օրս բացահայտված չէր: Ամրոցի հարավարևելյան բլրի վրա գտնվող բնակավայրն ուսումնասիրելու համար ավելի քան մեկ ամիս է՝ հայ-ֆրանսիական արշավախումբը գործի է անցել: Ֆրանսիացիներն ամրոցում են պեղումներ անում, հայ մասնագետները՝ քաղաքային հատվածում: Հողի վերին շերտը հեռացրել են, հնագիտության համար արժեքավոր պատմական էջ բացահայտել:
Վահե Սարգսյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի ղեկավար) - Այստեղ գործ ունենք ուրարտական արտաքին բնակատեղիի հետ, տվյալ հատվածում տեսնում ենք հոր՝ կենցաղային գործածության համար:
Տեղանքից հայտնաբերված կենդանիների ոսկորներն առաջիկայում հնակենդանաբանական հետազոտության կենթարկեն, կփորձեն պարզել՝ այդ շրջանում ինչ կենդանիների են որպես սնունդ օգտագործել: Հորում ածխի մնացորդեր և խեցու բեկորներ էլ են եղել:
Միքայել Բադալյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն) - Հորում ունենք դասական ուրարտական կարմիր խեցեղեն և տեղական սև խեցեղեն. սրանք իրար հետ գտնվել են նույն համատեքստում, սա մեզ համար Ուրարտուի հնագիտության համար չափազանց կարևոր է:
Սա փաստում է, որ այստեղ բնակեցման մի քանի փուլ է եղել: Տարածքից նաև 3 թաս են հայտնաբերել: Մասնագետները մի փոքր միջամտել են ու ամբողջական տեսք տվել: Դրանք այժմ պահվում են Էրեբունի թանգարանում:
Միքայել Բադալյան - Պեղումների ընթացքում բացվեցին այս պատերը, դռան կրնկակոխ է, որի միջոցով դուռը բացվել ու փակվել է:
Բնակավայրը Քրիստոսից առաջ 7-5 դարերին է թվագրվում: Ուրարտական մի ամբողջ քաղաք է եղել՝ շատ կարևոր ենթակառուցվածքներով: Հնագետների աչքից հողի երանգավորումն էլ չի վրիպել:
Սա պատահականության արդյունք չէ: Հնագետները գեոմորֆոլոգների ու ճարտարագետ-սեյսմոլոգների հետ քննարկել են ու երկու վարկած առանձնացրել:
Միքայել Բադալյան - Վարկածներից մեկն այն է, որ տեղել է երկրաշարժ, մյուս վարկածը. հնարավոր է, որ այս կտրվածքը ուրարտական ջրանցքի հետքեր լինեն, մի փուլում փակվել են:
Եթե ջրանցքի վարկածը հաստատվի սա ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի հնագիտության համար բացառիկ բացահայտում կլինի: Քանի որ Արարատի թագավորության ուրարտուի անկման գլխավոր տեսություններից մեկը հենց կլիմայի խնդրն էր: Պեղումներն այս տարի առաջին անգամ իրականացվում են գիտության կոմիտեի ու Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Աշխատանքները կշարունակեն նաև հաջորդ տարի: Արդյունքներն էլ կտպագրեն գիտական հոդվածներում: Վստահ են՝ այս պեղավայրն ուրարտական շրջանի մասին մի նոր լույս կսփռի: