Համավարակի բռնկումից ի վեր Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է կես միլիոնը, երկրում հիվանդացել է բնակչության մոտ 15 տոկոսը: Սրանք պաշտոնական տվյալներն են, համաճարակաբանները, սակայն կարծում են, որ իրական թվերը երկու-երեք անգամ ավելի են:
Վրաստանում գրանցվել են անգամ COVID-19-ով եռակի վարակման դեպքեր, ընդ որում՝ երրորդ անգամ հիվանդությունը բավական թեթև են տարել: Վրաստանը պատրաստվում է աշնանը սկսել 12 տարեկանից բարձր դեռահասների պատվաստումը:
Երկրի առողջապահության նախարարությունը նշել է, որ Վրաստանն այժմ հասել է կորոնավիրուսի չորրորդ ալիքի գագաթնակետին և իրավիճակի կայունացում սպասվում է երկու շաբաթից:
Հիվանդանոցներում ազատ մահճակալներ չկան, հիվանդներին պատրաստվում են ընդունել Թբիլիսիում տեղակայված դաշտային հիվանդանոցներում: Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր են դաշտային հիվանդանոցներ բացել նաև Աջարիայում և Իմերեթիում: