Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցին հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որով նա մեղադրել էր Ռուսաստանին՝ Հայաստանին զենք մատակարարելու մեջ՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունը չկա, իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուի հայտարարությունները Հայաստանին սպառազինության մատակարարման մասին, անվանել անպատասխանատու: Չնայած այն հանգամանքին, որ Բաքուն պնդում է, թե կարիք չկա զինել տարածաշրջանը, հենց ինքն է շարունակում ակտիվորեն սպառազինություն ներմուծել ինչպես Թուրքիայից, այնպես էլ Իսրայելից։
Մարիա Զախարովա, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ - Այդ մասին շատ ենք կարդում և լսում, բայց կցանկանայի ուշադրություն դարձնել, որ մենք համապատասխան փոխգործակցություն ունենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Մենք հաշվի ենք առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը:
Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի Զինված ուժերի սադրանքները շարունակվում են, որի հետևանքով հայկական կողմից երկու զինծառայող է զոհվել: Բացի այդ, անհերքելի ապացույցներ կան, որ Ադրբեջանի Զինված ուժերը դիպուկահար կրակ են բացել սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Կութ և Նորաբակ գյուղերի ուղղությամբ: Ինչպե՞ս է ռուսական կողմը գնահատում Ադրբեջանի կողմից մարդկային կյանքեր խլող նման սադրանքները, ինչպես նաև բնակավայրերի թիրախավորումը, «Լուրերի» հարցին դիվանագետը պատասխանում է.
Մարիա Զախարովա - Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը բազմիցս դիմել է Երևանին և Բաքվին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և գործի դնել բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ՝ լարվածությունը թուլացնելու համար: Խնդրի երկարաժամկետ լուծումը մենք տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման բանակցություններում՝ հետագա սահմանագծմամբ։
Բաքուն Մոսկվային մեղադրում է եռակողմ հայտարարության կետերը չկատարելու մեջ, այն դեպքում, երբ ինքն է խախտում եռակողմ հայտարարությունը՝ չվերադարձնելով բոլոր հայ գերիներին, խոչընդոտելով միջազգային կազմակերպությունների ներգրավմանն Արցախում, ոչնչացնելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական պատմամշակութային ժառանգությունը և, ի վերջո, խախտելով հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ի կիրառմամբ, ինչն արձանագրվել է ՌԴ պաշտպանության նախարարության կողմից: Զախարովայի խոսքով՝ անվերապահ առաջնահերթություն է մնում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը:
Մարիա Զախարովա - Կցանկանայի ընդգծել ռազմատենչ հռետորաբանության բացարձակ անարդյունավետությունը, որին երբեմն դիմում են Անդրկովկասի երկրների որոշ քաղաքական գործիչներ: Այս հռետորաբանությունը վնասում է գլխավորին՝ կայուն արդյունք գրանցելուն:
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դաշտում առկա զգայուն հարցերը՝ փոխանակել գերիներին «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով, ինչպես նաև ականապատ դաշտերի քարտեզներն ամբողջ ծավալով:
Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններում և քաղաքական շրջանակների մեկնաբանություններում նկատելի են բացասական գնահատականներ Արցախում ռուս խաղաղապահ առաքելության վերաբերյալ: Ի պատասխան՝ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավաստում է, որ և՛ Բաքվում, և՛ Երևանում, ընդհանուր առմամբ, բարձր են գնահատում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի կայունացնող դերակատարումը:
Մարիա Զախարովա - Ռուս խաղաղապահների շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը զգալիորեն բարելավվել է։ Այն մնում է համեմատաբար հանգիստ:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում առանձին միջադեպերին, ապա Զախարովայի խոսքով՝ խնդիրները հաջողվում է օպերատիվ կերպով լուծել աշխատանքային կարգով: Դրանց առաջացման պատճառները Բաքվի և Երևանի հարաբերություններում վստահության դեֆիցիտն են։ Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր առողջացման օգտին, և Մոսկվան այդ դիրքորոշումը հասցնում է և՛ Երևանին, և՛ Բաքվին: