Աշխարհի տարբեր երկրներից ժամանած կինոգործիչները օգոստոսի 22-29-ը կապրեն հյուրընկալ ուջանցիների տներում, իսկ Ուջանի կենտրոնը կդառնա հետաքրքիր կինոցուցադրությունների և քննարկումների վայր: «Ծիրանի ծառ» միջազգային փառատոնի նպատակը մեկն է՝ գյուղերում և փոքր քաղաքներում ապրող բնակչությանը ծանոթացնել համաշխահային և հայրենական արտադրության ֆիլմերին:
Գարեգին Զաքոյան («Ծիրանի ծառ» կինոփառատոնի տնօրեն) - Գյուղից է սերվում մեր ժողովուրդն ընդհանրապես՝ և՛ քաղաքը, և՛ ինտիլիգենցիան: Եթե գյուղի մակարդակը բարձր լինի, ընդհանուր ժողովրդի մակարդակը բարձր կլինի, պարզ է:
Փառատոնի շրջանակում գործում է կինոդպրոց, որտեղ մասնագետների օգնությամբ աշակերտները ոչ խաղարկային ֆիլմեր են ստեղծում: Այս տարի առաջին անգամ նախատեսվում է համաժողով անցկացնել, որին մասնակցելու է արտերկրից ժամանած 20 մասնագետ:
Արթուր Վարդիկյան (կինոփառատոնի ծրագրերի տնօրեն) - Առաջին անգամ է, որ ունենալու ենք փառատոնային ավտոբուս, երթուղի, որ ամեն օր Երևանից մարդկանց կտեղափոխի Ուջան, որտեղ բացօթյա ցուցադրություններ են լինելու, նաև ցերեկային ժամերին Ուջանի մշակույթի տանը ցուցադրություններ են լինելու:
Եթե նախկինում շեշտը դրվում էր ազգագրական վավերագրական ֆիլմերի վրա, ապա հիմա միակ չափորոշիչը ֆիլմի բարձր գեղարվեստական արժեքն է: Այս տարի փառատոնն ունի 4 մրցանակային անվանակարգ:
Արթուր Վարդիկյան - Ինչ վերաբերում է բացման ֆիլմին, դա ևս շատ կարևոր ձեռքբերում է, որովհետև ֆիլմը ստեղծվել է հենց փառատոնի շրջանակում ու փառատոնի շնորհիվ. խոսքը Շահրամ Բադախշան Մեհրիի՝ իրանցի ռեժիսորի «Ուջանյան պատմություն» վավերագրական ֆիլմի մասին է:
Օգոստոսի 26-ի ծրագիրն ամբողջությամբ նվիրված է հանրահայտ ֆրանսիացի կինոռեժիսոր Քրիս Մարկերի ծննդյան 100-ամյակին:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան