Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը օգոստոսի 18-ին Խմելնիցկու մարզ կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել մարզի ղեկավար Սերհիյ Համալիյի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները՝ շեշտը դնելով միջմարզային համագործակցության վրա։
Ս․ Համալիյն իր խոսքում նշել է, որ մարզն ունի հարուստ հայկական պատմամշակութային ժառանգություն, և իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել սատարել հայ համայնքին՝ իրենց ինքնությունը պահպանելու, Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու հարցում։
Դեսպան Կարապետյանը իր հերթին նշել է, որ հաշվի առնելով այդ հարուստ հայկական ժառանգությունն ու հայ համայնքի ակտիվ դերակատարությունը մարզային անցուդարձում՝ իր այցը Խմելնիցկի լրացուցիչ նշանակություն է ստանում։ Հանդիպումից հետո ՀՀ դեսպանը, հայ համայնքի և մարզպետարանի վարչակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, ծաղկեպսակ է տեղադրել Խմելնիցկի քաղաքում գտնվող՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։
Այնուհետև Վ. Կարապետյանն այցելել է Կամենեց-Պոդոլսկի քաղաքապետարան։ Ջերմ մթնոլորտում տեղի ունեցած զրույցի ընթացքում քաղաքապետ Միխայլո Պոսիտկոն (Михайло Посітко) ներկայացրել է քաղաքի պատմությունը, խոսել հայկական հին ժառանգության և այսօր քաղաքի զարգացման գործում հայ համայնքի կարևոր դերակատարության մասին։
Դեսպանը առաջարկել է համագործակցություն հաստատել Հրազդան քաղաքի հետ, ինչը քաղաքապետի կողմից ոգևորությամբ է ընդունվել։ Այցի ավարտին դեսպան Կարապետյանը Կամենեց-Պոդոլսկի հայկական եկեղեցու տարածքում հանդիպել է Խմելնիցկու, Տերնոպոլի և Չեռնիվցիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման սկզբին Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի կողմից տրվել է պատարագ, ինչից հետո դեսպանը խոսել է դեսպանության առաքելության մասին և պատասխանել ներկաների հարցերին։
Հանդիպումներին ներկա են եղել նաև Խմելնիցկի մարզում ՀՀ պատվո հյուպատոս Նորիկ Գևորգյանը, Խմելնիցկու մարզի հայերի միության նախագահ Սուրեն Ավագյանը և դեսպանության երրորդ քարտուղար Հայկ Թորոսյանը։