Օգոստոսի 19-ին ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Խորհրդակցության նպատակը ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ միամսյա ուժեղացված ծառայության նախապատրաստման աշխատանքներն էին։
Ոստիկանության պետի տեղակալը հիշեցրել է, որ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության, և անհրաժեշտ է քննարկել կազմակերպչական մի շարք հարցեր։
Ծառայության կազմակերպման կարգին անդրադարձավ ոստիկանության ՀԱԱԳՎ պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը։ Նա նշեց, որ մինչև միամսյակի մեկնարկը անհրաժեշտ է վերակարգերը մոտեցնել տոնավաճառներին և առևտրի խոշոր կետերին՝ հափշտակությունները, ինչպես և խցանումները կանխելու նպատակով։ Ցուցում է տրվել ծառայությունները կազմակերպելու համար պատրաստել պլաններ՝ ուժերի և միջոցների հաշվարկով, և ուղարկել ոստիկանության ՀԱԱԳՎ։
Կամո Ցուցուլյանը հավելեց, որ ծառայությունը անհրաժեշտ է կազմակերպել երկու հերթափոխով՝ մինչև դասերի ավարտը։
Ոստիկանության պետի տեղակալը հանձնարարեց ուսումնական հաստատությունների մոտ վերակարգերի ծառայությունը վերահսկելու համար ստորաբաժանումների ղեկավարներից նշանակել պատասխանատուներ՝ յուրաքանչյուրին ամրակցելով որոշակի տարածք։
Խոսվեց գծանշումների թարմացման, լուսացույցերի անխափան աշխատանքն ապահովելու մասին։ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը ներկայացրեց, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են արվել։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը խոսեց միամսյակի ընթացքում արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների փոխգործակցության մասին։ Որոշվեց հատկապես ճանապարհին մոտ գտնվող դպրոցների մոտ ապահովել նվազագույնը 2-ական ծառայող՝ միաժամանակ հենակետերում չթուլացնելով ամենօրյա ծառայությունը։
Ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը պարեկային ծառայության ղեկավար կազմից պահանջեց անձնակազմին հիշեցնել, որ հատկապես միամսյակի ընթացքում անհրաժեշտ է լինել առավել ուշադիր և զգոն, ծառայությանը վերաբերվել սրտացավորեն։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ուժեղացված ծառայությանն ու երթևեկության անվտանգությանը վերաբերող այլ հարցեր: