Եթե որևէ մեկը չի կարող հասնել կրթությանը, կրթությունը կհասնի նրան՝ այս ավտոբուսով: Այս անիվներն արդեն հաղթահարել են հազարավոր կիլոմետրեր, հասել Հայաստանի տարբեր գյուղեր: Մեր երկրում առաջին շարժական կրթարանի՝ Edu VanHub-ի անդամները շարունակում են կազմակերպել մեդիադասընթացներ գյուղաբնակ երիտասարդների համար:
Գևորգ Հարությունյան (Edu VanHub կրթական ծրագրի հիմնադիր) - Մեդիաաշխարհում ամեն օր ինչ-որ մի բան փոխվում է, հետևաբար մենք այդ մարտահրավերներից ոչ թե պետք է վախենանք, այլ ընդառաջ գնանք, ինչ-որ ձև լուծենք: Լուծումը մենք միայն տեսնում ենք կրթության միջոցով:
Եթե շարժական հիվանդանոց ու սրճարան կա, կրթարան էլ պիտի լինի: Վերջին շրջանում եղել են 8 գյուղական համայնքում, մի քանիսում էլ կլինեն առաջիկայում: Երեխաների հետ խոսում են մեդիալրագրության, լուսանկարչության պատմության, պաշտպանված ու մեդիագրագետ լինելու մասին՝ հատկապես պատերազմից հետո: Դասերը տեսական ու գործնական են՝ առաջադրանքներով:
Գևորգ Հարությունյան - Մենք ընտրել ենք մեքենան, որ մենք էլ՝ ինքներս, ճանապարհորդենք, ճանապարհին ինչ-որ բաներ սովորենք, դարձրել ենք շարժական կրթարան, որպեսզի ցույց տանք պատանիներին՝ մեր միսիան պատահական չէ այդքան կիլոմտերեր կտրել, անցնելը:
Ծրագիրն իրականացվում է Եվրամիության միջոցներով: Edu VanHub-ի ավտոբուսը, դժվարություններ հաղթահարելով, հասել է նաև Ուկրաինայի գյուղեր: Ցույց են տվել, որ հայերը արտերկիր կարող են գնալ ոչ միայն աշխատանք գտնելու, այլև կրթելու համար: Այնտեղ էլ տեսել են, որ կա գիտելիքի պակաս:
Նելլի Եղիազարյան (ծրագրի օգնական) - Գնում ենք գյուղեր, տեսնում ենք՝ ինչ վիճակում է գտնվում մեդիակրթությունը, կրթությունը էդ հատվածներում: Դա հիմք է հանդիսանում վստահաբար ասելու, որ այս ծրագիրը պետք է շարունակվի:
Որ ծրագիրը շարունակվի, պետք են ֆինանսական միջոցներ: Ոլորտի մարդկանց էլ առաջարկում են միանալ իրենց թիմին: Վստահ են՝ կարիքը կա, երեխաները ցանկանում են:
Հեղինակ՝ Անի Ավագյան