Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները: Մինչև նիստի աշխատանքների մեկնարկը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ՝ վերահաստատելով փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
Սադիր Ժապարով (Ղրղզստանի նախագահ) - Թույլ տվեք անկեղծ շնորհավորել Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ընթացիկ տարում Հայաստանը, ինչպես և Ղրղզստանը, նշում են անկախության 30-ամյա հոբելյանը։ Ուրախ եմ այս հնարավորության համար՝ շնորհավորելու Ձեզ և ի դեմս Ձեզ՝ ամբողջ հայ ժողովրդին այդ կարևոր տոնի առիթով:
Երկու երկրների միջև առևտրատնտեսական գործակցության չիրացված ներուժ կա, և պետք է նոր ազդակ հաղորդել տնտեսական կապերին՝ վստահ են երկրների ղեկավարները:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Պետք է մտածենք և աշխատենք մեր երկրների հետագա զարգացման ուղղությամբ։ Հատկապես որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, որը նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։
Իհարկե, ցավոք, մեր երկրների միջև փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը մեծ չէ։ Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Վստահ եմ՝ Դուք նույնպես տրամադրված եք այդ աշխատանքին, և շատ ուրախ եմ այսօրվա հնարավորության համար, որպեսզի քննարկենք մեր երկկողմ օրակարգի բոլոր հարցերը։
Հենց այդ նպատակով էլ աշնանը նախատեսված է անցկացնել հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի շրջանակում ակտիվ աշխատելու են հայ-ղրղզական բիզնես համաժողով կազմակերպելու և էներգետիկայի, ջրային ռեսուրսների, թվայնացման, բիզնեսի, զբոսաշրջության ոլորտներում հեռանկարային ծրագրերի փաթեթ մշակելու ուղղությամբ։
2 երկրների ղեկավարները տարածաշրջանի անվտանգությանն անդրադառնալիս՝ շեշտել են, հակամարտությունները, առկա խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով։
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԱՏՄ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։ Հայաստանի վարչապետին և ԵԱՏՄ անդամ երկրների մյուս վարչապետներին դիմավորել է Ղրղզստանի նախարարների գրասենյակի նախագահ Ուլուկբեկ Մարիպովը։
Նիստի ընթացքում անդրադարձել է եղել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցառումներին, նաև՝ գլոբալ կլիմայական օրակարգի իրագործման շուրջ ընդհանուր մոտեցումների մշակման ուղղությամբ անելիքներին։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն վաղը՝ ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում, որտեղ նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը։