Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել ամրապնդել Եվրասիական տնտեսական միությունը՝ նոր երկրների անդամակցության միջոցով: Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման շրջանակներում: «Որպես այդ կազմակերպության պատվավոր նախագահ՝ ես հետևում եմ նրա աշխատանքին, և մենք պետք է ամրապնդենք այդ կազմակերպությունը, պետք է, որպեսզի ուրիշներն էլ լինեն այստեղ, օրինակ՝ մեր հարևան Ուզբեկստանը, Տաջիկստանը, պետք է աշխատել նաև Թուրքմենստանի հետ»,- նշել է Նուրսուլթան Նազարբաևը:
*****
ԱՄՆ-ն ՄԱԿ անդամ երկրների առաջնորդներին կոչ է արել հրաժարվել սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Նյու Յորք այցելելու որոշումից և նախապատվություն տալ հեռավար մասնակցության ձևաչափին: Պաշտոնական Վաշինգտոնի այս կոչը պայմանավորված է կորոնավիրուսի արագ տարածման հանգամանքով: ԱՄՆ առաքելության նամակում կոչ է արվում նաև բոլոր հանդիպումներն անցկացնել վիրտուալ ձևաչափով: Նամակում նաև նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտահոգված է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու Գլխավոր ասամբլեայի ապագա նախագահ Աբդուլլահ Շահիդը նախատեսում են անձնական հանդիպումներ անցկացնել և ընդգծել է, որ ջանքեր կգործադրեն, որպեսզի այդ հանդիպումները վիրտուալ անցկացվեն:
*****
Համավարակի բռնկումից ի վեր Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է կես միլիոնը, երկրում հիվանդացել է բնակչության մոտ 15 տոկոսը: Սրանք պաշտոնական տվյալներն են, համաճարակաբանները, սակայն, կարծում են, որ իրական թվերը երկու-երեք անգամ ավելի են: Վրաստանում գրանցվել է անգամ COVID-19-ով եռակի վարակման դեպքեր, ընդ որում՝ երրորդ անգամ բավական թեթև են տարել: Վրաստանը պատրաստվում է աշնանն սկսել 12 տարեկանից բարձր դեռահասների պատվաստումը: Երկրի առողջապահության նախարարությունը նշել է, որ Վրաստանն այժմ հասել է կորոնավիրուսի չորրորդ ալիքի գագաթնակետին, և իրավիճակի կայունացում սպասվում է երկու շաբաթից: Հիվանդանոցներում ազատ մահճակալներ չկան, հիվանդներին պատրաստվում են ընդունել Թբիլիսիում տեղակայված դաշտային հիվանդանոցներում: Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր են դաշտային հիվանդանոցներ բացել նաև Աջարիայում և Իմերեթիում:
*****
Կորոնավիրուսով մահվան դեպքերը մեծ թիվ են կազմում Իրանում: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին մեկ օրում վարակից մահացել է 564 հիվանդ, համաճարակի սկզբից ի վեր՝ մահացածների ընդհանուր թիվը անցել է 100 հազարը: Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի ևս 31 000 դեպք, իսկ համաճարակի ժամանակ երկրում ախտորոշվել է չորսուկես միլիոն դեպք: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին ստացել է կորոնավիրուսի դեմ իրանական COV Iran Barakat պատվաստանյութի պատվաստանյութի առաջին դեղաչափը:
*****
Օգոստոսի 14-ին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 2200-ի, վիրավորվել Է 12 հազարից ավելի մարդ: Նաև արձանագրվել Է 12 268 վիրավոր: Տարածաշրջանում լիովին կամ մասնակի ավերվել է ավելի քան 100 հազար շենք, այս պահին փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները: Օգոստոսի 14-ի առավոտյան Հայիթիի շրջանում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Լե Կե կոմունայից 40 կիլոմետր հեռավորության վրա: Կառավարությունը մեկ ամսով սահմանել է արտակարգ դրության ռեժիմ: