Փակ տարածքներում առանց դիմակի մուտքն արգելվում է: Համաճարակային իրավիճակը լարվում է, տեսչական մարմինները խստացնում են հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը:
Առավոտյան ստուգումները սկսվեցին քաղաքի կենտրոնի սուպերմարկետներում:
Սննդի անվտանգության տեսչական մարմնից նախ զգուշացնում են՝ ստուգումները կլինեն պարբերական:
Ստուգում են ախտահանիչների որակը, զգուշացնում՝ պետք է օգտագործեն միայն 75 տոկոս սպիրտային լուծույթով ախտահանիչներ: Դիմակների մասին. առանց դիմակի քաղաքացին տուգանվում է 10 հազար դրամով, իսկ տնտեսվարողների դեպքում տուգանքը շատ ավելի է:
Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Առաջին անգամ՝ նախազգուշացում, հաջորդ անգամ՝ 100-300 հազար տուգանք ընդհանուր խախտման համար:
Հենց դրա համար տեսուչները խանութներին են հորդորում՝ աշխատակիցներից պահանջել դիմակով լինել, նաև մուտքի մոտ հաճախորդներից պահանջել ներս մտնելիս դիմակ դնել:
Լևոն Գուլքանյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետ) - Հաճախորդներից պետք է պահանջեն կրել. բնականաբար, վերջին շրջանում թուլացել է, բայց պետք է խստացվեր: Կոչ եմ անում մեր ազգաբնակչությանը՝ կրել դիմակներ:
Խանութներում դժգոհում են, որ հաճախորդներին «կորցնում» են դիմակներ պահանջելու դեպքում:
Առավոտյան գնումների շտապող հաճախորդներից շատերն էլ դիմակով չեն, մոռացել էին դիմակի պահանջի մասին:
Համավարակի հետ քայելու պայմանները վերհիշելու ու կորոնավիրուսի աճող թվերը նվազեցնելու համար տեսուչները նախազգուշացնում են՝ ստուգայցերով դեռ վերադառնալու են, հաջորդ անգամ նախազգուշացման փոխարեն տուգանքի արձանագրություններ են կազմելու: