Չնայած բռնություններ չկիրառելու խոստումներին՝ ականատեսների վկայությամբ, Աֆղանստանում թալիբների հաշվեհարդարը բնակչության նկատմամբ շարունակվում է՝ հայտնում է Reuters-ը:
Երկրի անկախության օրը շարժման գրոհայինները մի քանի քաղաքում կրակել են տոնի համար հավաքված ամբոխի վրա: Ջալալաբադում կրակ են բացել ամբոխը ցրելու համար, սպանել են 4 մարդու, երեքին էլ բռնել են, Ասադաբադում կրակել են ազգային դրոշով մեքենաների ուղղությամբ: Կրակոցներ են եղել նաև հանրահավաքի ժամանակ, մի քանի մարդ մահացել է կամ հրմշտոցի ժամանակ կամ էլ կրակոցներից:
Նման միջադեպ է եղել նաև Քաբուլում: Մայրաքաղաքի բնակիչներից մեկը հայտնել է, որ թալիբները հենց փողոցներում, բոլորի աչքի առաջ սպանում են խաղաղ բնակիչներին:
Բացի դրանից՝ շարժման առաջնորդները բանտերից ազատ են արձակում հանցագործներին, որոնք անպատիժ կողոպտում են մարդկանց, իսկ դիմադրություն ցույց տվողներին սպանում: Կրակոցները չեն դադարում նաև մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանում: Այնտեղ դեռևս քաոսային իրավիճակ է, և կրակոցներից ու հրմշտոցից 12 մարդ է մահացել: Թալիբները հորդորել են փաստաթղթեր չունեցողներին լքել օդանավակայանի տարածքը և չվտանգել իրենց կյանքը: