«Թալիբան» շարժման ղեկավարները սկսել են կառավարության ձևավորումը: Նրանք նախատեսել են Աֆղանստանի նախկին վարչակազմերի որոշ անդամների պաշտոններ առաջարկել նոր կառավարությունում: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ այժմ խորհրդակցություններ են անցկացվում շարժման առաջնորդների և երկրի նախկին ղեկավարների միջև: Նշվում է, որ կանանց նույնպես կառաջարկեն մասնակցել նոր վարչակազմի աշխատանքներին:
Թալիբանի խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը Թվիթերում հրապարակել է Աֆղանստանի Իսլամական Էմիրաթի հռչակագիրը՝ երկրի անկախության 102-ամյակի կապակցությամբ:
«Աֆղանստանցիները շատ են հպարտանում, որ իրենց երկիրն այսօր ամերիկյան օկուպացիայից ազատվելու ճանապարհին է: Մենք պետք է աշխատենք միասնաբար՝ ի շահ մեր երկրի իսլամական համակարգի, ինչպես նաև հանուն մեր պետության վերականգնման և բարգավաճման»,- նշված է հռչակագրում:
Միաժամանակ Փանջշիրում աֆղանական ընդդիմությունը չի պատրաստվում հանձնվել և ակնկալում է ստանալ Արևմուտքի աջակցությունը:
Աֆղանստանի տաջիկական համայնքի երբեմնի ազդեցիկ առաջնորդ Ահմադ Շահ Մասուդի (1953-2001) որդին՝ Ահմադ Մասուդը, որը դիմադրության ստորաբաժանումների առաջնորդներից է, The Washington Post-ում հրապարակված նամակում Արևմուտքին կոչ է արել օգնել իրենց զենքով և զինամթերքով:
Ահմադ Մասուդը վստահեցրել է, որ Փանջշիրում իրեն և Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհին են միանում Աֆղանստանի բանակի զինվորները, որոնք հիասթափված են նախկին հրամանատարությունից, այդ թվում՝ զինծառայողներ հատուկ նշանակության ստորաբաժանումներից: «Ինչ էլ որ պատահի, ես և իմ մոջահեդ մարտիկները կպաշտպանենք Փանջշիրը՝ Աֆղանստանում ազատության վերջին ամրոցը: Մասուդը նաև խոստովանել է, որ իրենց ուժն ու պաշարները բավարար չեն և հաջողության չեն կարող հասնել առանց Արևմուտքի աջակցության: