2019-ին մեկնարկած Ընտանեկան օրենսգրքի բարեփոխումներն աշնանը պետք է իրականություն դառնան: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ մշակել է օրենսդրական փոփոխությունը, որի գլխավոր նպատակն է երեխաների համար ապահովել բարեկեցիկ և հուսալի կյանք: Խոսքը առաջին հերթին որդեգրման գործընթացի մասին է, նկատում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:
Տաթևիկ Ստեփանյան (Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Այսօր հանրությանը կարող ենք ներկայացնել մի ամբողջ օրենքի նախագծի փաթեթ, որից բխելու են մի շարք ենթաօրենսդրական ակտեր, որոնք սահմանելու են որդեգրման, համադրման ընթացակարգերը, դրանք պարզ դարձնելու նպատակով:
2020 թվականին Հայաստանի իրավապահ մարմինները բացահայտել էին երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր: Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2005 թվականից սկսած օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու նպատակով ստեղծվել էր հանցավոր խումբ, որը զբաղվել էր երեխաների առք ու վաճառքով: Խմբում ներգրավված են եղել հայաստանյան ծննդատներ, արդարադատության նախարարության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տեղական ինքնակառավարման, կառավարության պատասխանատու աշխատակիցներ: Քննչական կոմիտեին հաջողվել էր պարզել այդպիսի 114 դեպք: Կարո՞ղ են օրենսդրական փոփոխությունները բացառել նման դեպքերը: Այդ ուղղությամբ արվում է ամեն ինչ, վստահեցնում է փոխնախարարը:
Տաթևիկ Ստեփանյան - Հիմա հնարավորինս այդ մեխանիզմները դարձել են վերահսկելի: Համագործակցությունը սերտ բոլոր շահագրգիռ մարմինների հետ, հնարավորինս տեսանելի առկա պայմաններում: Վստահաբար ինչ-որ բան չեմ կարող ասել, բայց հնարավորինս ամեն ինչ անում ենք: Մենք նման կասկած ունենալու դեպքում փոխանցում ենք իրավապահ մարմիններին:
Հայաստանի մանկատներում այժմ կա մոտ 485 երեխա: Նրանցից 230 ենթակա է որդեգրման: Մնացածի պարագայում ծնողները չեն հրաժարվել երեխայից: Շատ դեպքերում ծնողների գտնվելու վայրը հայտնի չէ: Օրենսդրական բարեփոխումները պետք է օգնեն լուծում տալ նաև նման դեպքերին:
Տաթևիկ Ստեփանյան - Հիմա էլ մենք ունենք էյդ կարգավորումը ծնողին անհայտ բացակայող ճանաչելու: բայց նախորդ տարիներին 10-ից ավելին դատական գործեր չեն եղել:
Մեր երկրում երեխա որդեգրելու ակտիվ հայտերն այս պահին մոտ քսանն են: Տաթևիկ Ստեփանյանն ուրախությամբ արձանագրում է, որ հայտերի գերակշիռ մասը ներկայացրել են Հայաստանի քաղաքացիները: