Արսեն Հարությունյան (ՀՀ ՔԿ ՀԿԳ ՔԳՎ ՀԿԳ քննիչ) - Բջջային հեռախոսներից հայտնաբերվել են թմրամիջոցների իրացման ցուցակներ. նշված է՝ Երևան քաղաքում, Աշտարակում, Գյումրիում:
Սրանք արդեն լուսանկարներն են՝ նշումներով՝ որտեղ է տեղադրված, ինչպես:
Այս ամենը իրականացրել են Տելեգրամ հավելվածում բացված էջերով:
Տիգրան Ավագյան (ոստիկանության ՔՈԳՎ ավագ օպերլիազոր) - Շենգավիթում բնակվող 33-ամյա տղամարդն ու նրա եղբայրը Երևանի և մարզերի տարբեր վայրերում տեղադրում են թմրամիջոցներ, լուսանկարում են և դրանք ուղարկում 33-ամյա տղամարդու կնոջը:
Թմրանյութ օգտագործողից են դարձել իրացնող: Որոշ ժամանակ այլ էջերի համար որպես տեղադրող են աշխատել, հետո արդեն ընտանիքի անդամներով սեփական էջը բացել: Պարզվել է նաև՝ հանցավոր կապի մեջ են Շենգավիթում բնակվող մեկ այլ անձի հետ, որը նույնպես տելեգրամյան էջ ունի:
Տիգրան Ավագյան - Հաջողվեց պարզել նաև, որ տվյալ էջի նամակագրությանը հետևում է նաև 33-ամյա տղամարդու կինը:
Հանցավոր խմբում ընդգրկված է եղել 7 անձ. բոլորին մեղադրանք է առաջադրվել:
Արսեն Հարությունյան - 7 անձից 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1 անձի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին, իգական սեռի ներկայացուցիչ է, խնամքին ունի 3 անչափահաս երեխա:
Անձնական և բնակարանային խուզարկությամբ հայտնաբերվել է 11 կգ թմրամիջոց:
Արսեն Հարությունյան - Մասնավորապես, 3,5 կգ-ից ավել մարիխուանա, և 7,5 կգ՝ կանեփ: Արդեն կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 4 անդամների վճարային քարտերին 1,5 տարվա ընթացքում փոխանցվել է 40 մլն դրամից ավելի գումար:
Քննչական կոմիտեից հորդորում են ծնողներին՝ ավելի ուշադիր լինել, թե երեխաները ինչ կայքեր ու էջեր են մուտք գործում և ինչ վճարումներ են անում: Նաև տեղեկացնում՝ թմրամիջոցների իրացման մեջ մարդկանց ներքաշելը ծանր հանցագործություն է: Թմրամիջոցների տեղադրմանը հիմնականում ընդգրկվում են 16-35 տարեկան անձինք:
Իսկ այս գործն արդեն մեղադրական եզրակացությամբ դատարանում է. պատիժը՝ 7-15 տարի: Միայն այս հանցավոր խմբի բացահայտմամբ դադարեցվել է տելեգրամյան 5 էջի գործունեություն:
Նմանատիպ այլ էջերի հետևում կանգնած անձանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան