Աֆղանստանում թալիբների կողմից իշխանության զավթումը Վիետնամի պատերազմից հետո Արևմուտքի ամենամեծ պարտությունն է: Այս մասին հայտարարել է Բավարիայի վարչապետը և Քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդ Մարկուս Զեդերը:
««Թալիբանի» կողմից իշխանության զավթումը «իսլամիստների բարոյական հաղթանակն է»,- ասել է Զեդերը և ներկա իրավիճակի հիմնական պատասխանատուն համարել է Միացյալ Նահանգներին, քանի որ հենց Վաշինգտոնն է որոշել հեռանալ Աֆղանստանից: Ըստ գերմանացի քաղաքական գործչի՝ Սպիտակ տունը պետք է «հարևան երկրներին անվտանգության երաշխիքներ և ֆինանսական աջակցություն տա»՝ հայտնում է ТАСС-ը:
Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններն աղետ են աշխարհում Արևմուտքի հանդեպ վստահության հարցում, և արևմտյան հետախուզական ծառայությունները չկարողացան դա կանխատեսել՝ ասել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը: «Մինչդեռ 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ը օրական 300 միլիոն դոլար է ծախսել Աֆղանստանում, իսկ արդյունքները շատ համեստ էին: Իշխանափոխությունն Աֆղանստանում իսկական աղետ է ինչպես այդ ժողովրդի, այնպես էլ մյուս պետությունների համար»՝ հավելել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ դադարեցնում է Աֆղանստանին տրվող օգնությունը, քանի որ միջազգային հանրությունը հստակ պատկերացում չունի երկրի կառավարության կարգավիճակի վերաբերյալ: Մինչդեռ հաջորդ շաբաթ ԱՄՀ-ն պետք է մոտ 400 մլն դոլարի օգնություն փոխանցեր Աֆղանստանին:
Ինտերպոլի ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով դադարեցվել է Աֆղանստանի մուտքը կազմակերպության տվյալների բազա:
Ի տարբերություն Արևմուտքի հոռետեսության, Մոսկվան ողջունել է թալիբների հայտարարությունը, որ պատրաստ են երկխոսության Աֆղանստանի քաղաքական այլ ուժերի հետ և պատրաստակամություն է հայտնել խրախուսել նման գործընթացները՝ ձգտելով նրանց մտադրությունները վերածել կոնկրետ քայլերի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և հավելել, որ «Թալիբան» շարժման զինյալները դեռ չեն վերահսկում Աֆղանստանի ամբողջ տարածքը: Քանի դեռ թալիբները չեն հասել լիակատար վերահսկողության երկրում, դա, ըստ Լավրովի, թույլ է տալիս Ռուսաստանին պահպանել հետևողական դիրքորոշումը: Մոսկվան «պաշտպանում է բոլոր կողմերի մասնակցությամբ ազգային երկխոսության հրատապ անցկացման անհրաժեշտությունը»: