Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն օգոստոսի 18-ին ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերին, Ավստրիական զարգացման տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Քարներին և երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանին։
Ողջունելով հյուրերին՝ Արման Խոջոյանը նշել է, որ Ավստրիական զարգացման գործակալության պրոֆեսիոնալ աշխատակազմի հետ համագործակցությունը շատ արդյունավետ է և լավ հիմքերի վրա է դրված։ Նա համոզմունք է հայտնել, որ երևանյան գրասենյակի ղեկավարի մշտական ներկայությունը նոր խթան կհանդիսանա այն ավելի զարգացնելու համար և իր պատրաստակամությունն է հայտնել իր կողմից աջակցելու բոլոր ծրագրերին և նախաձեռնություններին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը ներկայացրել է համագործակցության առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ նոր ծրագրերի իրականացման համար առավել նպատակահարմար ուղղությունները, Ավստրիական զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, նախաձեռնությունները, ինչպես նաև համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել գյուղատնտեսության ոլորտում մարզերի գյուղական համայնքների և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին, որոնք խթանում են կանաչ գյուղատնտեսության սկզբունքները, օրգանական գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռներեցության, ագրոտուրիզմի և այլ ոլորտների զարգացումը։
Արման Խոջոյանը նշել է, որ գյուղատնտեսությունը Հայաստանի կառավարության գործունեության կարևոր ուղղություններից մեկն է, իսկ Ավստրիական զարգացման գործակալության կողմից գյուղական շրջանների զարգացմանն ուղղված աջակցության ծրագրերը համահունչ են կառավարության կողմից վարվող քաղաքականությանը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման անհրաժշտությունը: Այս համատեքստում երկուստեք առաջարկվել է դիտարկել Վրաստանի հետ համագործակցության հնարավորությունները:
«Հայաստանի համար շատ կարևոր է ներառական տնտեսական զարգացումը և գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացումը, ինչպես նաև մեր երկրների միջև համագործակցությունը, որի շրջանակում հնարավոր է համատեղ ուժերով նախաձեռնել նոր ծրագրեր և փոխանակվել կուտակած փորձով: Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամ է նոր գործնական կապերի հաստատմանը և Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունները կյանքի կոչելու նպատակով ներդնել առավելագույն ռեսուրսներ»,- նշել է Արման Խոջոյանը:
Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմանների զարգացումը, օժանդակությունը լոգիստիկ ծրագրերի, համայնքների զարգացման հարցում և խորհրդատվական աջակցություն տրամադրումը:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակական դարձնել հանդիպումները։