Այն, ինչ Մատենադարանի այցելուները կտեսնեն այս սրահում, ցուցադրվում է առաջին անգամ: Ձեռագրատան նոր ցուցադրությունը ներկայացնում է Մատենադարանի մոտ 4000 օտարալեզու ձեռագրերի լավագույն նմուշները, որոնք այլալեզու հավաքածուները համալրել են վերջին 100-ամյակի ընթացքում: Սա մի առանձին ձեռագրատուն է Մատենադարանի ներսում, որտեղ մեծ խնամքով պահվում, բուժվում, վերականգնվում և, իհարկե, ուսումնասիրվում են եզակի ձեռագրերը: Հավաքածուի գերակշռող մեծամասնությունը կրոնական բովանդակությամբ ձեռագրեր են, որոնք նաև գիտական և մշակութաբանական մեծ արժեք ունեն:
Ցուցադրությունը ներկայացնում է ձեռագրեր երկու տասնյակից ավելի լեզուներով՝ արաբերեն, պարսկերեն, վրացերեն, օսմաներեն, եբրայերեն, հունարեն, լատիներեն, եթովպերեն և այլ լեզուներվ: Մատենադարանում հայերենից հետո ամենամեծաքանակ հավաքածուն արաբերեն ձեռագրերն են: Օտարալեզուների թվում կան նաև 100-ավոր պարսկերեն, օսմաներեն մատյաններ, և շատ են այլ լեզուներով, բայց հայատառ ձեռագրերը:
Պարսկական ձեռագրերում գերիշխող է պոեզիան: Այստեղ հնարավոր է գտնել Իրանի ամենամեծ գրողների ու պոետների անունները՝ Ֆիրդուսի, Սաադի, Նիզամի, Քաշեֆի. այս ձեռագրերն առանձնանում են բացառիկ մանրանկարչական զարդանախշերով: Աշխարհում հայտնի հին ու նոր լեզուներով ձեռագրերի թվում կան եզակի օրինակներ, որոնք պահպանվում են միայն Մատենադարանում:
Այժմ Մատենադարանը օտարալեզու ձեռագրերի ցուցակ-կատալոգների հրապարակման ակտիվ փուլում է: Ըստ Վահան Տեր-Ղևոնդյանի՝ որպես կանոն, ցուցակների հրապարակումից հետո շեշտակի աճում է մասնագետների ուշադրությունն այս հավաքածուի հանդեպ, և սա ևս մեկ առիթ է՝ աշխարհին ցույց տալու, թե ինչ ունենք մեր հոգևոր գանձարանում: