Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի Զինված ուժերն այսօր հետ են քաշվել Արցախի Եղցահող գյուղի սահմանից: Սարիբաբա կոչվող բարձունքում հակառակորդը դիրքը բարելավելու փորձ էր արել շաբաթներ առաջ՝ ասում է համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանը:
Արտակ Հակոբյան, Եղցահող համայնքի ղեկավար - Նրանք դիրքավորված են մեր համայնքին նախկինում պատկանող անասնաֆերմայում: Նրանց հիմնական բազան այնտեղ է, բայց մոտ 10 օրվա ընթացքում բարձրացել են սարը և այնտեղից ուղիղ նշանառության տակ առել գյուղը:
Խաղաղապահների նախաձեռնությանը հավատարիմ է մնացել նաև Պաշտպանության բանակը: Անվտանգության գոտու ապահովումը կթուլացնի սահմանային լարվածությունը՝ համոզված է ռազմական վերլուծաբան, պահեստազորի փոխգնդապետ Վլադիմիր Հարությունյանը:
Վլադիմիր Հարությունյան, ռազմական վերլուծաբան - Պետք է պարզ տրամաբանենք, որ ռուսական կողմն ունի առաքելություն և պետք է այդ առաքելությունն իրականացնի համապատասխան աշխատաոճով և հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին:
Եղցահողը 45 տնտեսություն և 140 բնակիչ ունի: Գյուղի անվտանգությունը շարունակում է ապահովել Պաշտպանության բանակը: Իսկ հրադադարի պահպանմանը ռուս խաղաղապահները հետևում են պարեկային և ոչ թե շուրջօրյա ծառայությամբ: Եղցահողցիները մշտական հենակետ են պահանջում:
Լենա Իշխանյան, Եղցահողի բնակիչ - Որ դուրս եմ գալիս գյուղամեջ, ասում են՝ Լենա, ի՞նչ պիտի անենք, բա ի՞նչ կլինի, եթե հերթապահություն չլինի, մենք ինչպե՞ս կմնանք այստեղ: Այսինքն՝ նրանք դրանից ուժ են ստանում, որ այստեղ հերթապահություն կա, ինչը շատ տեղին կլինի:
Սահմանազատման հետևանքով Եղցահողը կորցրել է արոտների զգալի մասը: Ժիրայր Թաիրյանը մտահոգ է՝ հենակետի բացակայությամբ դժվար կլինի զբաղվել անասնապահությամբ:
Ժիրայր Թաիրյան, Եղցահողի բնակիչ - Հիմա, որ ոչ ոք չկա, ես երեխային ինչպե՞ս բաց թողնեմ, ասեմ՝ գնա անասունները բեր: Եթե վաղը մի բան կատարվի, կկարողանա՞մ ամբողջ կյանքում ինձ ներել:
Հենակետի առկայությունը մշտապես դիտարկելու հնարավորություն է՝ ասում են գյուղացիներն ու հիշեցնում՝ 80-ականների վերջերին գյուղի այս նույն արոտներում խաղաղ բնակիչ են սպանել ադրբեջանցիները: Եղցահողում սպասում են ռուսական կողմի գործողություններին: Հենակետի թեմայով բանակցություններ կան: