ԱՄՆ-Ը ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ՏԱՐՀԱՆՈՒՄ Է ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
ԱՄՆ զինվորականները Աֆղանստանում կմնան մինչև այդ երկրից ամերիկյան քաղաքացիների ամբողջական տարհանումը՝ ասել է նախագահ Ջո Բայդենը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ իշխանությունները կփորձեն պահպանել զորքերի դուրսբերման հարցում ի սկզբանե հաստատված վերջնաժամկետը՝ օգոստոսի 31-ը: Սակայն եթե մինչ այդ պահը հնարավոր չլինի երկրից դուրս բերել ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, ռազմական առաքելությունը կերկարաձգվի: Բայդենը նաև նշել է, որ ներկայումս Աֆղանստանում կա 10-15 հազար ամերիկացի: Բացի ԱՄՆ քաղաքացիներից՝ ԱՄՆ կառավարությունը մտադիր է տարհանել նաև 50-65 հազար աֆղանստանցիների, որոնք ցանկանում են լքել երկիրը: Սպիտակ տան ղեկավարը դա հնարավոր է համարել, եթե մինչև ամսվա վերջ օրական տարհանվի 5-7 հազար մարդ:
ԱՄՆ-Ը ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՎԵՐԱԾՈՒՄԸ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԱՊԱՍՏԱՆԻ
ԱՄՆ-ը Աֆղանստանի արդեն նախկին նախագահ Աշրաֆ Ղանիին այլևս չի համարում կարևոր քաղաքական գործիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը: Միաժամանակ, ԱՄՆ-ը չի հանդուրժի, որ թալիբները Աֆղանստանը վերածեն «ահաբեկիչների ապաստանի»՝ հավելել է Շերմանը: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը հստակորեն նշել է իր հանձնառությունը Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարին: Ավելի վաղ Աշրաֆ Ղանին դիմել է երկրի ժողովրդին և խոստացել մոտ ժամանակներս վերադառնալ հայրենիք: Նա հայտարարել է, որ իրեն ստիպել են հեռանալ Աֆղանստանից, և իր դեմ դավադրություն էր պատրաստվում: Ղանին նաև հաստատել է, որ այժմ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում:
ԹԱԼԻԲՆԵՐԸ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
Այս ընթացքում «Թալիբան» շարժման ղեկավարներն անգործ նստած չեն և սկսել են կառավարության ձևավորումը: Նրանք նախատեսել են Աֆղանստանի նախկին վարչակազմերի որոշ անդամների պաշտոններ առաջարկել նոր կառավարությունում: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցչին: Նրա խոսքով՝ այժմ խորհրդակցություններ են անցկացվում շարժման առաջնորդների և երկրի նախկին ղեկավարների միջև: Նշվում է, որ կանանց նույնպես կառաջարկեն մասնակցել նոր վարչակազմի աշխատանքներին:
«Թալիբանի» խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը Թվիթերում հրապարակել է Աֆղանստանի Իսլամական Էմիրաթի հռչակագիրը է երկրի անկախության 102-րդ տարելիցի կապակցությամբ:
«Աֆղանստանցիները շատ են հպարտանում, որ իրենց երկիրն այսօր ամերիկյան օկուպացիայից ազատվելու ճանապարհին է: Մենք պետք է աշխատենք միասնաբար՝ ի շահ մեր երկրի իսլամական համակարգի, ինչպես նաև հանուն մեր պետության վերականգնման և բարգավաճման»,- նշված է հռչակագրում:
«ԹԱԼԻԲԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ԿՈՉՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
Աֆղանստանի Փանջշիր նահանգում էլ «Թալիբան» շարժման ընդդիմադիր ուժերը կոչ են արել Արևմուտքին օգնել իրենց զենքով և զինամթերքով: Այս մասին գրել է դիմադրության ստորաբաժանումների առաջնորդներից մեկը՝ Աֆղանստանի տաջիկական համայնքի երբեմնի ազդեցիկ առաջնորդ Ահմադ Շահ Մասուդի որդին՝ Ահմադ Մասուդը, The Washington Post-ում հրապարակված նամակում: Ահմադ Մասուդը վստահեցրել է, որ Փանջշիրում իրեն և Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհին են միանում աֆղանական բանակի զինվորները, որոնք հիասթափված են նախկին հրամանատարությունից, այդ թվում՝ զինծառայողների հատուկ նշանակության ստորաբաժանումներից: «Ինչ էլ որ պատահի, ես և իմ մոջահեդ մարտիկները կպաշտպանենք Փանջշիրը՝ Աֆղանստանում ազատության վերջին ամրոցը, ասել է Մասուդը՝ խոստովանելով, որ իրենց ուժն ու պաշարները բավարար չեն, և նրանք հաջողության չեն կարող հասնել առանց Արևմուտքի աջակցության: