Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողները ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: Պահանջում են ավելի հստակեցնել որոնողական աշխատանքում ձեռնարկվող քայլերը: Ծնողների հետ հանդիպել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
Մոտ 2 ժամ տևած քննարկումից հետո հարազատները հայտարարել են, որ գոհ կլինեն միայն այն դեպքում, երբ հստակ արդյունքներ ունենան, հիմա պարզապես պայմանավորվել են կրկին հանդիպել ու ծառայությանը փոխանցել իրենց ձեռքի տակ եղած փաստական տվյալները:
«Հոկտեմբերին իմ ամուսինը ԴՆԹ է հանձնել, մինչև այսօր ոչ մի նույնականացում չկա, ու տա Աստված, որ չլինի նույնականացում: Գերությունը շատ վատ բան է, բայց գոնե հույս կա, որ մի գեղեցիկ օր այդ երեխաները դուռը կթակեն, կմտնեն, բայց միայն կառավարության աշխատանքի արդյունքում դա լինի»,- ասել է ծնողներից մեկը: