Թուրքական ընդդիմադիր Gazete Duvar թերթի թղթակից Մուսա Օզուղուրլուն անդրադարձել է Աֆղանստանի ամբողջ տարածքի վրա վերահսկողություն սահմանած «Թալիբան» շարժման հետ Անկարայի հնարավոր համագործակցության թեմային:
Լրագրողի կարծիքով՝ Թուրքիան, Պակիստանը և Կատարը լինելու են Թալիբանի ամենամոտ դաշնակիցը, սերտ հարաբերությունների պատճառն էլ քաղաքական իսլամն է:
Նա նշել է, որ Թուրքիան և Կատարը շարունակում են ազդեցություն ունենալ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության, Պակիստանն էլ՝ «Թալիբան» շարժման վրա:
Օզուղուլուի դիտարկմամբ՝ Թուրքիայի, Պակիստանի և Կատարի ղեկավարները քաղաքական առավելություն և ուժ ձեռք բերելու համար որևէ խոչընդոտ չեն տեսնում տարբեր մակարդակներով կրոնական կազմակերպությունների հետ աշխատելու հարցում:
Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների՝ Աֆղանստանի վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարություններին՝ լրագրողը պնդել է, որ իր երկրի ղեկավարությունը վճռական է տրամադրված «Թալիբանին» Թուրքիայի նոր դաշնակիցը դարձնելու հարցում: