«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2020-2021 թթ. Հայաստանի տարածքում տնկվել է 702280 ծառ, որից ՀՀ մարզպետարաններին և Երևան քաղաքին 2021 թվականի գարնանը տրամադրվել է 161480 հատ ծառ, Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տարածքներում (Լոռու, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում) 2020 թվականին տնկվել է 339000 և 2021 թվականի գարնանը՝ 201800 ծառ։
Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են՝ «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկումներ կատարելու համար ՀՀ պետական բյուջեից, որպես առանձին միջոցառում, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար չի հատկացվել։
Նախաձեռնությունն իրականացվում է բացառապես դոնոր կազմակերպությունների կամ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական միջոցների, խնայողությունների, տնկարաններում առկա ծառերի կամ բնական վերաճի արդյունքում դուրս հանված շիվերի միջոցով։