Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, տեսաուղերձ է հրապարակել, որով դիմում է մարդկությանը COVID-19-ի դեմ պատվաստվելու կոչով:
«Պատվաստվելը սիրո դրսևորման ձև է»,- ասում է նա:
Հռոմի պապը պատվաստումն անվանում է բարոյական պարտավորություն: Նա բարձր է գնահատել հետազոտողների և գիտնականների աշխատանքը Covid-19-ի դեմ անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութեր արտադրելու առումով:
«Փառք Աստծո, շատերի աշխատանքի շնորհիվ ունենք պատվաստանյութեր, որոնք կպաշտպանեն մեզ Covid-19-ից: Դրանք մեզ տալիս են համավարակը կանգնեցնելու հույս, բայց միայն այն դեպքում, եթե պատվաստումը հասանելի լինի բոլորին, և եթե մենք աշխատենք միասին»,- ասվում է ուղերձում:
Նրա խոսքով՝ պատվաստումը համընդհանուր բարօրությունը խթանելու, միմյանց և հատկապես ամենախոցելիների մասին հոգ տանելու պարզ միջոց է:
«Ես աղոթում եմ Աստծուն, որ յուրաքանչյուրը կարողանա նվիրաբերել իր ավազահատիկը, սիրո փոքրիկ ժեստը: Որքան էլ փոքր լինի, սերը միշտ մեծ է: Նպաստեք այս փոքր ժեստերին՝ ավելի լավ ապագայի համար»,- ասվում է ուղերձում:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ևս պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: